«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը կեսարյան հատումից հետո «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին ԼՈՒՐԵՐcom-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց Տռուզյանը:

 

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել արգելանքից ազատել հունվարի 22-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Բախշյանը ձերբակալվել էր Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված և դրանից երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով: Դեպքի առթիվ 2015 թվականի օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմի ց մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում. պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա): Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիութ յան 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։