Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել Թուրքիայի 6 մասնավոր գազ ներկրող ընկերությունների համար 2015 թվականի հունվարի 1-ից գործող 10,25-տոկոսանոց զեղչը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberturk կայքը:
Ենթադրվում է, որ այդ որոշումն ընդունվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ «Սու-24» ինքնաթիռի հետ կապված լարվածության պատճառով:
Ըստ կայքի' խոսքը Bosphorus Gaz, Enerco Enerji, Bat, Hatt, Kibar Enerji, Avrasya Gaz եւ Shell Enerji ընկերությունների մասին է, որոնց կողմից գումարային ներկրումը կազմում է տարեկան 10 մլրդ խմ գազ:
Նշվում է, որ ռուսաստանյան կողմի դիրքորոշման համաձայն' «արտոնությունները կարող են վերականգնվել երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումից հետո միայն»:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության հետ լարված հարաբերությունները կարող են երկրին մոտ 9 մլրդ դոլարի վնաս պատճառել:
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորությամբ: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել է կատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել էր «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել էր, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային, եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:
Միջադեպից հետո Ռուսաստանը մի շարք տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի նկատմամբ' 2016 թվականի հունվարի 1-ից արգելելով թուրքական մթերքի ներկրումը: Ռուսաստան թուրքական արտահանման ծավալը կազմում էր տարեկան 1,27 մլրդ դոլար: