Մեղադրելով «Ժողովրդական ճակատ» եւ «Մուսավաթ» կուսակցություններին չկատարած մեղքերի մեջ' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է ուշադրությունը շեղել այն դժբախտություններից, որոնք իշխող ռեժիմը բերել է ժողովրդին:

 

Այսպես է մեկնաբանել «Թուրան»-ին «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլըն Ալիեւի' հունվարի 29-ի այն հայտարարությունը, որ ««Ժողովրդական ճակատ» - «Մուսավաթ» կառավարությունը ժողովրդին բերել է դժբախտություններ եւ հողերի կորուստ»:

 

Հաջիլըն նշել է, որ 1992-1993 թվականներին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կառավարման շրջանում Ադրբեջանը «վերականգնել է պետական անկախության ատրիբուտները, ստեղծվել են պետական մարմիններ»:

 

«Եթե ներկայիս իշխանություններն ու զինված ընդդիմությունը չտապալեր այն կառավարությանը, ապա հաջողությունները կշարունակվեին», -ասել է նա:

 

Նա ասել է, որ 22 տարի իշխանության մեջ գտնվող ներկայիս ռեժիմը աշխարհում հայտնի է իր ավտորիտարիզմով:

 

«Այս իշխանությունը հողեր է կորցրել, տասնյակ միլիարդ դոլարներ քամուն է տվել, երկիրը մտցրել ներկայիս ճգնաժամի խորխորատը: Քննադատելով այն ժամանակվա կառավարությանը, Իլհամ Ալիեւը ձգտում է ուշադրությունը շեղել այսօրվա խնդիրներից», -ասել է «Մուսավաթ»-ի առաջնորդը: