Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես է եկել ելույթով.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր էլի կխոսեմ քաղաքակիրթ պետությանը հարիր արժեքների ու կանոնների մասին, որովհետև ես հավատում եմ, որ բացի օրենքներ գրելու մենք նաև ժամանակի պահանջներին հարիր վարքականոններին պետք է տիրապետենք, եթե ուզում ենք նորմալ երկիր ու հասարակական հարաբերություններ ունենալ: Իմ հորդորը առաջին հայացքից պարզ է, բայց մենք լավ գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք այդ պարզության ընկալման հարցում: Իսկ հորդորս շատ կարճ է՝ մի՛ արհամարհեք լրագրողներին ու լրագրողի աշխատանքը:
Լրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է ու արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար։ Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման։ Սակայն համաձայնվեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները:
Լրագրողի աշխատանքը նման է և ոստիկանի ծառայությանը: Ոստիկանն իր ծառայության բերումով կոչված է բախվելու մարդու իրավունքների ու հասարակության անվտանգության խախտումներին ու առաջինը միջամտելու՝ փորձելով ծառայել հասարակությանն ու պաշտպան մարդուն։ Լրագրողն էլ իր հակասություններով լի աշխատանքային գործունեության մեջ չի կարող բավարարել յուրաքանչյուրին, այլ կոչված է պաշտպանել թույլին՝ ուժեղից, շատերին՝ մեկ-երկուսից։
Լրագրողը մեր հասարակության բարոյականության հայելին է ու հավաքարարը։ Ու ամեն անգամ հայելուց մեզ նայող ծուռ պատկերի մեջ հայելուն մեղադրելուց առաջ հիշենք, որ պատկերը մերն է, հայելունը չի։
Հարգանքո՛վ վերաբերվենք լրագրողներին: Մեր համբերատար պատասխաններով ներկայացնենք մեր տեսլականը, մեր կարծիքը, մեր զգացմունքներն ու ընկալումները: Գիտակցենք, որ «ծակոց» հարցերը նպաստելու են մեր երկրի խոցերի Ճիշտ ախտորոշմանը, ու ճիշտ զարգացումներ ուրվագծելուն: Չէ՞ որ հաճախ կարող ենք մեր ընկալմամբ «սխալ հարցին» անգամ ճիշտ պատասխանել:
Մենք ծափահարում ենք թարգմանիչներին որևէ միջոցառման ավարտին, քանի որ նրանք են, որ օգնեցին մեզ հասկանալ միմյանց, մեր մտքերը հաղորդել մյուսներին: Թարգմանության սխալի դեպքում անգամ խնդրում ենք ուղղել սխալն ու վերջում կրկին ծափահարում ենք: Սովորե՛նք ծափահարել նաև մեր հասարակությանը մեր մտքերը հաղորդողներին։ Ողջունե՛նք ու գնահատե՛նք լրագրողների ջանքերը, հարգելի գործընկերներ։
Հարգե՛նք միմյանց»