ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը:

 

Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա' անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին:

 

Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը' ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։

 

Նշենք, որ Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով՝ այդ թվում ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում: