Հայաստանի հիմնախնդիրներից մեկի՝ժողովրդագրական խնդրի մասին խոսվել է անհամար անգամներ: Գրեթե յուրաքանչյուր հայաստանցի էլ շատ լավ գիտի, որ եթե ոչինչ երկրում չփոխվի, ու մենք շարունակենք այս տեմպերով տարիներ գլորել, ապա մի քանի տասնամյակ անց բնակչության թվի էական կրճատումից ոչ մի կերպ չենք կարողանալու խուսափել. հազիվ 1մլն-ի հասնող բնակչություն է ունենալու Հայաստանը: Կարծում եք՝ խտացնո՞ւմ ենք գույները, այդ դեպքում առաջարկում ենք ձեզ ծանոթանալ վիճակագրությանը:

 

 

Այսպես. պարզվում է, որ Հայաստանի առանձին մարզեր այլևս դարձել են ծերացող բնակչությամբ տարածքներՏավուշի մարզի բնակչության թվի բնական աճն ընդամենը կազմում է 5, ինչը նշանակում է, որ 125 հազար բնակիչ ունեցող մարզում ծնված երեխաների թիվն ընդամենը 5-ով էավել մահացած մարդկանց թվից: Ամենացավալին այն է, սակայն, որ Տավուշի մարզը միայնակ չէ իր դժբախտության մեջ. բնակչության թվի զրոյական աճին են մոտեցել նաև Վայոց ձորի, Սյունիքի ևԼոռու մարզերը: Այնպես որ ամենևին էլ պատահական չէ այն, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թիվը առաջին անգամ 3 միլիոնից պակաս է կազմել: 



Ուշագրավ է, որ 1979 թվականից ի վեր առաջին անգամ է Հայաստանի մշտական բնակչության թիվննվազել այսչափ (գոնե պաշտոնական տվյալներով)։

 

 

Դե ինչ, «դյութիչ» պատկեր է, այնպես չէ՞: Եվ այսպես, ինչի՞ մասին կարող է վկայել նման իրավիճակը,ինչո՞ւ են մարդիկ հրաժարվում երեխա ունենալուց, ավելին՝ ինչո՞ւ է մահացության տոկոսն այսքան բարձր: Իհարկե, այս ամենը կարելի է համարել ուղղակի ապացույց այն բանի, որ իշխաությունների կողմից վարվող քաղաքականությունը գործնականում չի արդարացրել իրեն և ոչ մի ասպարեզում: Քանի որ ակնհայտ է, որ ծաղկուն երկրում բնակչությունը չի կարող բնականորեն կրճատվել,համենայնդեպս հայերիս պարագայում, մենք ընտանիք սիրող ժողովուրդ ենք ու, ասենք՝ արևմտյան հասարակությունների նման, տարված չենք գեդոնիստական անհասկանալի գաղափարներով:

 

 

Այսօր, սակայն, հիմնական հարցը, որ հայ մարդն իրեն տալիս է՝ նախքան հերթական զավակն ունենալը, հետևյալն է՝ ինչպես պետք է կերակրի նրան, կկարողանա՞ արդյոք, ապահովել իր երեխային կյանքի համար բավարար պայմաններով, թե՞ ոչ: Ինչպես երևում է վիճակագրությունից, պատասխանը հիմնականում բացասական է լինում: Իհարկե, բնական գործոնից զատ՝ ոչ պակաս կարևոր է նաև արտագաղթի գործոնը. ՀՀ մարզերում աշխատանքային տարիքի քաղաքացիներից շատերը ստիպված են լինում լքել հայրենի օրրանն ու հանապազօրյա հաց վաստակել կա՛մ, լավագույն դեպքում, քաղաքամայր Երևանում, կա՛մ, ինչպես ավելի հաճախ է պատահում, Ռուսաստանում (վերջին հանգամանքը շատ հաճախ դառնում է նաև ընտանիքների քայքայման պատճառ):

 

 

Կարծում ենք՝ ժամանակն է, որ երկրի ղեկավարությունը վերջապես համընդհանուր տագնապ հնչեցնի ու քայլեր ձեռնարկի՝ ստեղծված անմխիթար իրավիճակը հիմնովին շտկելու համար: Սակայն այն, որ նույնիսկ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում պայքարը հանուն ազգիս վաղվա օրվա հեշտ չի լինելու, կասկածից վեր է. ուշացել ենք, շատ ենք ուշացել:



Դավիթ Բաբանով