ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով, անդրադարձել է Հայաստանի առաջնությունը պրոֆեսիոնալ կարգավիճակից զրկելու մասին շրջանառվող տեղեկություններին:
Հայտարարությունից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Նախորդ շաբաթ armsport.am կայքին տված հարցազրույցում ներկայացրել էի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կամ Եվրոպա Լիգայի խաղարկություններում մասնակցության տեղերի և դրանք վաստակելու հիմունքները: Հայաստանի, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր մյուս երկրների մասնակցության տեղերը վերոնշյալ մրցաշարերում որոշվում է միմիայն ՈՒԵՖԱ-ի ասոցացիաների և ակումբային վարկանիշային աղյուսակներով:
2015/2016 թթ. մրցաշրջանից առաջ Հայաստանն այդ աղյուսակում զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը: Այդ վարկանիշը թույլ է տալիս ունենալ 1 մասնակից Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման փուլում (երկրի չեմպիոնը) և 3 մասնակից Եվրոպա Լիգայի խաղարկությունում (առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրները և Հայաստանի գավաթակիրը): Այս դրույթը մինչ օրս ուժի մեջ է և որևէ հավելում կամ լրացում չունի: ՈւԵՖԱ-ն իր մրցաշարերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում՝ հիմնվելով միայն վերոնշյալ աղյուսակային դասակարգման վրա:
Մենք ևս մեկ անգամ մանրակրկիտ ուսումնասիրեցինք (թեև դա անում ենք ամեն օր) ՈՒԵՖԱ-ի 2015-16թթ. մրցաշարերի բոլոր կանոնակարգերն անխտիր, սակայն առաջնության մասնակիցների քանակի վերաբերյալ և սրանից բխող կարգավիճակի փոփոխության մասին որևէ դրույթ կրկին չհայտնաբերեցինք:
Փոխարենը, «ՈւԵՖԱ-ի՝ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի 2015/16թթ. մրցաշրջանի համար նախատեսված կանոնակարգերի հոդված 3-ի (մրցաշարի մասնակցության կարգ), ինչպես նաև հավելվածներ A և D-ի համաձայն, ՈւԵՖԱ-ի անդամ ասոցացիաները և ասոցացիայի ակումբները ներգրավվում են ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարեր իրենց տնային առաջնությունների միջոցով՝ համաձայն տվյալ ասոցացիայի վարկանիշային աղյուսակում գրաված հորիզոնականի, իսկ այդ վարկանիշները Եվրոպական ֆուտբոլային ղեկավար մարմնի կողմից հաշվարկվում են տվյալ երկրի ակումբների՝ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղարկություններում վերջին 5 տարիների ընթացքում գրանցած արդյունքների հիման վրա: Օրինակ՝ 2015/16 թթ. ասոցացիայի վարկանիշը որոշվել է 2009/10-2013/14 թթ. մրցաշրջանների արդյունքների հիման վրա: Ինչ վերաբերում է ակումբների 2015/16թթ. մրցաշրջանի վարկանիշներին, դրանք որոշվում են 2010/11-2014/15թթ. Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղարկություններում անդամ ասոցացիայի ակումբների գրանցած արդյունքների հիման վրա: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը չի կորցնի իր «պաշտոնական» կամ «պրոֆեսիոնալ» կարգավիճակը, ինչպես նաև այդ կարգավիճակի կորցնել կամ չկորցնելը որևէ կերպ կապված չի առաջնության մասնակից ակումների թվաքանակի հետ»: