«Իշխանությունների մտավախությունը Գյումրին է: Դրա համար նրանք արդեն սկսել են հատուկ ոճով աշխատանքը՝ էժան գնով մարդ գնելու գործընթացը»,- galatv.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց վերլուծաբան Համլետ Մոսինյանը՝ ներկայացնելով իր տեղեկություններն այն մասին, որ Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասում, ուր նաեւ ինքն է բնակվում, մի քանի օր առաջ ցուցակագրել են, իսկ երեկ ու այսօր ակտիվորեն գումար են բաժանում: «Կարծում եմ' ջերմ ընդունելությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ինչքան էլ մեզ համար սովորական է դիտվում, բոլոր դեպքերում խիստ զարմացրեց ե՛ւ Րաֆֆիին, ե´ւ իշխանություններին... Դա, կարծում եմ, իրենց առավել զգաստացրեց, եւ սկսեցին, պարզ ասեմ, Գյումրիում փող բաժանելը...Այնպես որ, մենք ենթադրում էինք, թե ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի չմասնակցելը «վնաս» կլինի, եւ իրենց 1 կգ ոչխարի մսի գնով վաճառողները գումար չեն աշխատի, փաստորեն այդ ենթադրությունը սխալ դուրս եկավ... Իսկապես, իշխանությունը զգաց, որ իր գործը դժվարացել է եւ ակտիվացան, սկսեցին գումարներ բաժանել: Ինձ հասած տեղեկությունների համաձայն, էն որ ասում են՝ տրանսպորտում լսած, 5000 դրամ են տալիս: Փաստորեն, այս տարի մի քիչ էժան են գնում, բայց էլի սկսեցին գնել»,-ասաց Համլետ Մոսինյանը: Վերլուծաբանը սա վերագրեց նրան, որ ամբողջ Հայաստանի մեջ Գյումրիի ակտիվությունը շփոթեցրել եւ վախեցրել է իշխանություններին, դրա համար իրենք իրենց հատուկ «ոճով» են սկսել աշխատել:
«Մեր դուռը ճանաչում են, չեն ծեծում, մեր տուն նույնիսկ մարդահամարին չեկան, բայց թաղամասում խոսում են, որ Մստո անունով մեկը 5000 դրամ է բաժանում: Իհարկե, կան մարդիկ, որ ասում են' իրենք ո´չ անձնագիր են տվել, ո´չ փող են վերցրել, թեեւ իրենք այդքան հարուստ մարդիկ չեն, բայց իրենք իրենց ոչխարի մսի գնով չեն ուզում վաճառել»:
Քրիստինա Մկրտչյան