Երեկ ԱԺ նիստում մի շարք պատգամավորներ աչքի ընկան իրենց տաղանդով, աղմուկ բարձրացրին, բոյկոտեցին, դուրս եկան ու ինչի՞ համար՝ ինչ է թե Տարածքային կառավարման նախարարությունը տարանջատվելու է ԱԻՆ-ից: Կարծես թե` Հայաստանում առաջին անգամ է նման բան լինում…
Երևի կարիք չկա հիշեցնելու, որ 2008թ. ևս նման տարանջատում եղել էր, այն ժամանակ՝ հանուն կոալիցիոն գործընկեր դարձած ՕԵԿ-ի: Այն ժամանակ ԱԻՆ նախարար էր դարձել Մհեր Շահգելդյանը, նույն Մհեր Շահգելդյանը, ով երեկ նախարարությունների տարանջատման պատճառով բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը: Ես վստահ եմ, որ պարոն Շահգելդյանը չի մոռացել, թե 2008-ին ինչ է կատարվել, չէր էլ կարող մոռանալ, որովհետև կատարվածի շնորհիվ ինքը նախարար էր դարձել:
Միգուցեև իսկապե՞ս ավելորդ էր այս խառը իրավիճակում նախարարությունների տարանջատումը՝ ես դա չեմ կարող ասել, բայց ուշագրավ է, որ հենց ՕԵԿ-ն է իր դժգոհությունը հայտնում այդ կապակցությամբ, այն էլ՝ Մհեր Շահգելդյանը: Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ հանուն ՕԵԿ-ի կարելի է, իսկ հանուն ՀՅԴ-ի՝ ո՞չ: Արդարացի չէ, պարոնայք, օբյեկտիվ չեք:
Կարեն Վարդանյան