Հարկ եմ համարում նորից հիշեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետևյալ հատվածը, բայց այս անգամ արդեն քաղաքական ուժերի համար, ընդ որում՝ անխտիր բոլորի. «Հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»:
Այս երևույթի հետ ժամանակ առ ժամանակ առնչություն ունենում եմ և պետք է փաստեմ, որ ավելի շատ՝ ընդդիմադիր գործիչների հետ կապված, քանի որ իշխանական թիմի ներկայացուցիչներն ավելի ադեկվատ են վերաբերվում իրենց հասցեին հնչեցրած քննադատություններին: Ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ փորձում են տարբեր միջոցներով կապեր հաստատել և փորձել իրենց ապահովագրել քննադատության ենթարկվելուց, ոմանց մոտ դա երբեմն նույնիսկ կարող է հասնել «ջղաձգումների»: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում բավականին հաճախ, գրեթե ամեն օր հրապարակային քննադատվում են երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հետևաբար տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է ընդդիմադիր գործիչներն անձեռնմխելիություն ստանան լրատվամիջոցների էջերում, հանուն ինչի՞, «վասն որու»:
Քաղաքականության մեջ մտնողը պետք է իմանա, որ իրենից ավելի շատ է պահանջվելու, որ իր՝ նույնիսկ աննշան սխալը նկատվելու է և քննադատվելու, և պետք է ադեկվատություն ուհամարձակություն ունենա՝ նորմալ վերաբերվելու և դիմանալու քննադատություններին և նաև իր համար դասեր քաղելու: Ես չեմ կասկածում, որ մեր ընդդիմադիրներն ունեն այդ համարձակությունը, քանի որ քաղաքականություն մտնելն արդեն իսկ համարձակություն է, և նրանք դա արդեն արել են, մնում է՝ քննադատվելիս էլ հիշեն իրենց համարձակության մասին և հրաժարվեն իրենց ապահովագրելու ջանքերից: Չէ՞ որ իրենք էլ պայքարում են արտոնյալների դեմ, եթե իրոք դա այդպես է:
Կարեն Վարդանյան