Երեկ՝ փետրվարի 21-ին, տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության համագումարը: Կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը:

 

Կուսակցությունն ունենալու է ընդդիմադիր կեցվածք:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հարցրել է` արդյոք նա «Հայ ազգային կոնգրեսի» և «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության մեջ նմանություններ տեսնո՞ւմ է, քանի որ այդ երկու ուժերն էլ ձևավորվեցին հանրային կոնսոլիդացման ճանապարհով:

 

Նշենք, որ թեպետ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմքն ՕԵԿ-ն է, բայց, ըստ կուսակցության տվյալների, իրենց է միացել 150-ից ավելի կազմակերպություն:

 

Լյուդմիլա Սարգսյանն ի պատասխան մեր նկատառմանն` ասաց, որ իր համար «Հայկական վերածնունդ», թե ՕԵԿ, ոչինչ չի փոխվում, որովհետև հիմքում նորից ՕԵԿ-ն է, և նույն ղեկավարը:

 

«Երևի թե նրանք աչքի առաջ ունենալով «Հայ ազգային կոնգրես» դաշինքի փորձը` որոշել են նույն կերպ մի նոր թիմ ձևավորել: Բայց ես չեմ կարող զուգահեռներ տանել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և այս նոր նախաձեռնության միջև, որովհետև Կոնգրեսը ձևավորվեց բացառապես հայտնի լիդերների և նրանց կողմից ղեկավարվող կուսակցությունների աջակցությամբ, և դա մի հզոր թիմ էր, որի նախադեպն առ այսօր չենք ունեցել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

 

Ըստ պատգամավորի՝ այդ նոր կուսակցությունում, բացի ՕԵԿ-ի ճանաչված դեմքերից, այլ մարդիկ չկային, և չի էլ կարծում, որ հետագայում կարող են լինել: Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ մարդիկ լավ գիտեն Արթուր Բաղդասարյանի ռեյտինգն ու հանրային գնահատականը, դրա համար էլ չեն միավորվում այդ դաշինքի հետ.

 

«Չեմ կարծում, որ Արթուր Բաղդասարյանը կարող է ոտք գցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: