Սիրիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների զոհերի թիվը, ըստ լրատվամիջոցների՝ հասել է 129-ի, իսկ վիրավորների թիվը 170-ից ավելի է, իսկ միջազգային հանրության արձագանքը ոչ միայն համարժեք չէ, այլ կարծես թե նույնիսկ չի էլ նկատվում, այնինչ, եթե տասնապատիկ քիչ զոհերով որևէ ահաբեկչական գործողություն լիներ եվրոպական ինչ-որ երկրում, հիմա երևի համաշխարահային մասշտաբի սուգ էին հայտարարել և սոցիալական ցանցերի օգտատերերն էլ իրենց էջերը զարդարել տվյալ երկրի դրոշով, բայց Սիրիայի զոհերը կարծես թե այդքան էլ չեն հուզում քաղաքակիրթ աշխարհին: Իհարկե, շատերը կարող են արդարացնել՝ ասելով, թե Սիրիայում պատերազմական վիճակ է, և հարյուրավոր զոհերն էլ նորմալ երևույթ են, սակայն, միևնույն է, ակնհայտ է, որ ընդունված չափանիշներով քաղաքակիրթ համարվող հանրությունը նույնիսկ մարդկային կյանքի գնահատման հարցում տարբեր մոտեցումներ ունի՝ պայմանավորված մարդկանց ռասսայական ու ազգային պատկանելությամբ:

 

 

Աշխարհից անմասն չէ նաև Հայաստանը, արդեն բազմիցս առիթներ եղել են, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպիսին է մեր հանրության մի հատվածի վերաբերմունքը աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին, մանավանդ երբ խոսքը մարդկային կյանքի արժեքի գնահատմանն է վերաբերում: Այս դեպքում նույնպես շատերը կասեն, թե ինչու մենք պետք է մտածենք որևէ այլ երկրում, տվյալ պահին՝ Սիրիայում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհերի մասին, երբ մեր երկրում այսքան խնդիրներ ունենք: Սակայն դեռ մեկ տարի էլ չի անցել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության դեպքից, որի արձագանքները լավ հիշում ենք, նույնիսկ սոցիալական ցանցում ոմանց էջերի պատերը դեռ մինչ օրս զարդարում են Ֆրանսիայի դրոշները, և այն ժամանակ նույնպես մեր երկրում շատ խնդիրներ ունեինք, բայց այդ խնդիրները չխանգարեցին «մարդասիրության» յուրահատուկ դրսևորումներին:

 

 

Կարեն Վարդանյան