«Ամերիաբանկը» և «Յուքոմ» ընկերությունը հայտարարում են Հայաստանում բոլորովին նոր՝ Ամերիա TV Բանկինգ ծառայության մեկնարկի մասին: Այս եզակի ծառայությունը նոր խոսք է օնլայն գործարքների իրականացման բնագավառում: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս հարմար, պարզ և արագ դարձնել կոմունալ վճարների կատարումը:

 

Ամերիա TV Բանկինգ ծառայությունը հնարավորություն է տալիս նաև դիտել կոմունալ վճարումների պարտքը, ստեղծել և կատարել խմբային կոմունալ վճարումներ, դիտել վճարումների պատմությունը, «Ամերիաբանկի» տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները, ինչպես նաև դիտել «Ամերիաբանկի» մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները՝ ցանկով և քարտեզով:

 

Բոլոր այն անձինք, ովքեր միաժամանակ հանդիսանում են U!TV-ի ցանկացած փաթեթի բաժանորդ և «Ամերիաբանկի» հաշվետեր, հեռուստացույցի միջոցով կարող են տեսնել իրենց կոմունալ ծառայության վճարման ենթակա գումարը և ընդամենը հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով կատարել վճարում:

 

Ծառայության անխափան գործարկումն ապահովելու նպատակով իրականացվել են համակարգի թեստավորման և ինտեգրման աշխատանքներ, որոնց բարեհաջող ավարտից հետո միայն ծառայությունը փուլերով ներդրվում է: Բոլոր այն բաժանորդները, որոնք ցանկություն կունենան այս պահին ծառայությունից օգտվել, կարող են դիմել «Յուքոմ» ընկերությանը, իսկ այն հաճախորդները, որոնք «Յուքոմ» հեռուստատեսության ծառայություններից այսուհետ են օգտվելու, այս ծառայությանը կմիանան ավտոմատ կերպով:

 

վԱմերիաբանկի» Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց. «Մենք «Յուքոմ» ընկերության հետ մշակել ենք Ամերիա TV բանկինգ ծառայությունը «Ձեր բանկն այնտեղ է, որտեղ Ձեզ հարմար է» կարգախոսի ներքո՝ ստեղծելով կոմունալ վճարների իրականացման առավել հարմար տարբերակ: «Յուքոմի» հետ մենք արդեն ունեցել ենք աշխատանքային փորձ' արտոնյալ պայմաններով համատեղ վարկային քարտ, և սա արդեն երկրորդ նախագիծն է: Կարծում եմ, որ շարունակ նորարության ձգտող մեր երկու ընկերությունների այս համատեղ նախագիծը լայն արձագանք կստանա հանրության շրջանում»:

 

«Յուքոմ» ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանն իր խոսքում նշեց. ««Ամերիաբանկի» հետ մեր համատեղ նախաձեռնության նպատակներից մեկն է առավելագույնս թեթևացնել մեր բաժանորդների առօրյան՝ ստեղծելով ևս մեկ այլընտրանքային ծառայություն, որը հնարավորություն կտա շատ արագ և հեշտ կատարել բոլոր վճարումները: Սա Հայաստանում նախադեպը չունեցող ծառայություն է, և կարծում եմ շատ շուտով TV Բանկինգ ծառայությունը մեր բաժանորդների շրջանում կլինի ամենապահանջվածներից մեկը»: