Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցություններին կոալիցիա կազմելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկ էր արել:

 

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց ճշտել՝ տեսնելով «Հայ ազգային կոնգրես» դաշինքի օրինակը, ներկայացվածությունն՝ ԱԺ-ում, երբ ԱԺ աշխատանքների ավարտին մենք տեսնում ենք, որ այդ խմբակցության պատգամավորներից մի քանի հոգի են մնացել այն գաղափարների շուրջ, որով մտել էին խորհրդարան, որքանո՞վ է հավանական այս պահին ընդդիմադիր կոալիցիայի ձևավորումը:

 

«Ինձ առաջարկ արվել է, ես խոստացել եմ այդ մասով մտածել: Իրականում առաջարկներ շատ կան, Վերակազմյալ ՍԴՀԿ-ում քննարկվում են առաջարկները:

 

Եթե իրատեսական համարենք, ոչինչ չպետք է բացառել: Բայց այս պահին որևէ քաղաքական ուժ դեռևս առաջարկությանը հստակ չի արձագանքել»,- ասաց Սարգսյանը:

 

Անդրադառնալով հարցին՝ առաջարկների մեջ իշխող կուսակցության կողմից առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ, Սարգսյանն ասաց. «Իշխող կուսակցությունից առաջարկ չի եղել, քանի որ իշխող կուսակցությունը հասկանում է, որ ընդդիմադիր Վերակազմյալ ՍԴՀԿ-ն չի կարող հանդես գալ Հանրապետականների ցուցակով»: