Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի թողարկումը, որտեղ փաստաբան Գարիկ Գալիկյանն անխնա քննադատում է համասեռամոլ երիտասարդին: Դրան հաջորդեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք դիմում են ներկայացնելու Փաստաբանների պալատ՝ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չցանկացավ մեկնաբանել փաստաբան Գալիկյանի պահվածքը հաղորդման ժամանակ: «Նմանատիպ հաղորդումների քննարկման համար հատկացված է ժամկետ՝ 30 օր։ Այս պահին դիմումն ուսումնասիրության փուլում է: Եկեք մեկնաբանություններ չանեմ, հա՞, որովհետև եթե կագապահական վարույթ հարուցելու հարց է բարձրացվել, բնականաբար, այլ մեկնաբանություններ չեմ կարող անել: Իմ տեսակետը կլինի պաշտոնապես»,- ասաց ՓՊ նախագահը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքը՝ փաստաբան Գալիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի փոշմանում ասածների համար։ «Ես մի գրամ չեմ փոշմանել։ Խնդիրն այն է, որ առանց գետինը մտնելու ասում են՝ ողջունում ենք քո քայլը: Ես ասել եմ՝ ինչ ուզում եք արեք, բայց մի քարոզեք: Վերջը մենք հայ ենք, թասիբի մեռած ազգ ենք, Գարեգին Նժդեհ ու Անդրանիկ ենք քարոզում, հետո էլ գալիս, համասեռամոլ եք քարոզում։ Դիմել են, լավ են արել: Եթե Պալատը կգտնի, որ պետք է վարույթ հարուցել, թող հարուցի: Այդ ՀԿ-ն պատճառաբանում է, որ ես որպես փաստաբան իրավունք չունեմ նման կարծիք հայտնել»,- նշել էր փաստաբանը: