Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, խոստանում է, որ այն պարիսպը, որն ինքը պլանավորում է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, էլ ավելի բարձր կլինի՝ այդ երկրի նախկին նախագահի՝ իր համար վիրավորական հայտարարությունների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործարարը հայտարարել է հանրապետականների՝ Հյուսթոնում (Տեխասի նահանգ) կայացած համազգային բանավեճերի ժամանակ:

 

 

«Այդ պարիսպն այժմ 10 ֆութով (3 մետրով) ավելի բարձր կլինի»,- հայտնել է Թրամփը՝ մեկնաբանելով Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքս Կեսադայի վերջերս արած արտահայտությունները, որը շինության կառուցման պլանը քննադատել է հանրապետականի համար վիրավորական արտահայտություններով:

 

 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ 12 մետր բարձրությամբ պարիսպները միանգամայն բավարար կլինեն: Այդ արգելքի միջոցով միլիարդատերը մտադիր է դադարեցնել անօրինական միգրանտների հոսքն ԱՄՆ: Նա բազմիցս քննադատության է ենթարկվել այս գաղափարի համար, այդ թվում՝ այս ամսին ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: