Մարդիկ կան՝ տարին մեկ են հիշում Մարտի 1-ը, բայց ես ամեն օր եմ հիշում, նույնիսկ քնած ժամանակ եմ տեսնում այդ օրվա հետ կապված դեպքերը։ Ստրասբուրգից ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասաց, 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի մասնակից, Մարտի մեկի գործով նախկինում դատապարտված Գևորգ Մանուկյանը:
«Յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում Մարտի մեկը։ Մարդ կա՝ հիշում և հարգանքի տուրք է մատուցում, մարդ էլ կա քաղաքական դիվիդենտներ շահելու համար է հիշում: Կոնկրետ մեկը պարոն Ջհանգիրյանն է։ Պարոն Ջհանգիրյան Գագիկը ներկայանում է Մարտի մեկի տուժածներից, բայց պարոն Ջհանգիրյանը Մարտի մեկի հետ այնքան է կապված, ինչքան Վազգեն Խաչիկյանը։ Այսինքն՝ երկուսն էլ Մարտի մեկի հետ կապ չունեն: Պարոն Ջհանգիրյանը պարզապես երդվյալ իշխանամետ է եղել, ծառայելով, չկատարելով իր տերերի հրամանը՝ էն ճամբարից թռավ էն ճամբարը, ու հերն անիծին։ Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Սադամ Հուսեյինն էլ է Մարտի մեկի տուժածներից։ Սա վերաբերում է ոչ միայն ընդհանուր ՀԱԿ-ին, այլ նաև Լևոն Զուրաբյանին, գրասենյակային կռիս Արմեն Խաչատրյանին: Իրենք Մարտի մեկից տուժած են ներկայանում։ Ինչո՞վ են իրենք տուժել: Ճիշտ է՝ ՀԱԿ-ը՝ Մարտի մեկի դեպքերի հետ կապված, տուժել է, բայց ոչ թե դեպքերի օրը, այլ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո։ «Հայ ազգային կոնգրեսը» Մարտի մեկից հետո, երբ տղաներին բռնեցին, ոչ թե տուժեց, այլ կրկնակի, եռակի, քառակի օգտվեց։ ՀԱԿ-ը տուժել է քաղբանտարկյալների ազատ արձակվելուց հետո։ Եվրոպաներից էլ գրանտներ չեն եկել, չեն լափել։ Ջհանգիրյան Գագոն բերդից ազատվելուց հետո 100 հազարանոց ջիպ առավ, բերդում փող էին տպում իր համար»,- բավական վրդովված ասաց Գևորգ Մանուկյանը։
Վերջինս հայտարարեց՝ Մարտի մեկի գործերի հետ կապված՝ այսօր մարդիկ կան, որոնց գիտեն, թե իրենց քրեական գործը հասել է Եվրադատարան, բայց այդպես չէ։ «Այդ թվում նաև իմը չի հասել։ Արամ Մանուկյանն Ազգային ժողովում հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ չեք պատասխանում Մարտի մեկի վերաբերյալ հարցերին։ Լավ է, որ նման հարց է բարձրացնում, բայց, պարո՛ն Մանուկյան, ու՞մ գործն է հասել Եվրադատարան, պարոն Ջհանգիրյանի՞նը, թե՞ Արմեն Խաչատրյանինը։ Մարտի մեկի հարցը դեռ չի բացվել, որ մի հատ էլ փակվի»,- ասաց Մանուկյանը։ Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը շահարկում է Մարտի մեկի թեման, քանի որ առջևում ընտրություններ են. «Նրանք ոռնում են մենակ մնացած գայլերի նման։ Ես հայհոյում եմ բոլոր նրանց, ում պատճառով իմ գործը չի հասել Եվրադատարան։ Ով չգիտի, որ Ջհանգիրյանի պատճառով էսօր բանտերում հազար հոգի մարդ է նստած»։
Գևորգ Մանուկյանը Գագիկ Ջհանգիրյանին հարց ուղղեց. «Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանին միանալը, պարոն Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի գործն էր քննում, ո՞ւմ փոխանցեց գործը, որ եկավ միացավ ընդդիմությանը։ Ես գիտեմ՝ ում է փոխանցել, և նրան որտեղ ու երբ են սպանել։ Ասածներիս լրիվ տեր եմ, փաստերով եմ խոսում»:
Վերջում հավելենք, որ Եվրադատարանի դիմաց Գևորգ Մանուկյանն այսօր բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով թույլ չտալ հայկական պատվիրակության մեջ ընդգրկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին։
Քրիստինա Աղալարյան