ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը, ընդհանուր առմամբ, ես դրական եմ գնահատել, քանի որ դա համարում եմ նորմալ քաղաքական գործընթաց, բայց այնուամենայնիվ դրա մեջ նկատեցի նաև մի շատ մտահոգիչ երևույթ, որն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի կամ վերադառնալու փորձի թեման: Արդեն տևական ժամանակ է, ինչ շրջանառվում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք նոր՝ «պրոքոչարյանական» կուսակցության մասին լուրը: Եվ ահա օրեր առաջ էլ դրան գումարվեց արդեն կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք երբեք դեմ չեն եղել Քոչարյանին, և եթե նա կորոշի ավելի ակտիվ քաղաքականության մեջ լինել, իրենք միայն կողջունեն դա:
Այս հայտարարությունն իր մեջ պարունակում է մեսիջ, որը ես վտանգավոր եմ համարում, այսինքն՝ իշխանական կոալիցիայի անդամ ուժը կողջունի Քոչարյանի վերադարձը, այդպիսով՝ կնպաստի այդ հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծվելուն: Եվ առնվազն տարօրինակ է ՀՀԿ-ի կողմից որևէ արձագանք չլինելն այս մեսիջին, որովհետև փաստացի իշխող կուսակցությունը զրկեց երկրորդ նախագահին մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունից:
Այս ամենին էլ, եթե ավելացնենք երեկվանից մամուլում շրջանառվող, սակայն չճշտված այն լուրը, թե քաղաքականություն կարող է վերադառնալ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Սարգսյանը, իսկապես որ մոտս սկսում են հարցեր առաջանալ՝ պատահական զուգադիպություննե՞ր են սրանք, թե՞ ոչ այնքան: Մնում է միայն հուսալ, որ շրջանառվող բոլոր լուրերը չէ, որ կհամապատասխանեն իրականությանը, նաև հուսալ, որ Քոչարյանի վերադարձը կողջունի միայն Արմեն Ռուստամյանը, սակայն մեծամասնությունն այդ վերադարձի հանդեպ կունենա բացասական վերաբերմունք, և այն պարզապես տեղի չի ունենա:
Կարեն Վարդանյան