Այս հավաքին թեթև մեջքս եմ վնասել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդի իմ հոգեբանական տրամադրվածության վրա: Եվրոպայի առաջնությանն ընդառաջ այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

 

Խոսելով Մինսկում տեղի ունեցած հավաքի մասին՝ մարզիկը նշեց. «Այստեղ լավ եղանակ է, սպարինգներ ենք անցկացնում, այստեղ են նաև մեր մարզիչները, ովքեր առավելագույնս ձգտում են օգնել մեզ: Այս հավաքին թեթև մեջքս եմ վնասել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդի իմ հոգեբանական տրամադրվածության վրա: Մեկնում եմ մրցելու յուրաքանչյուրի հետ, ով դուրս կգա իմ դեմ: Եվ երբ մարտի դուրս գամ, կմոռանամ բոլոր ցավերը: Ընդհանուր առմամբ, ինձ լավ եմ զգում, չեմ կարող ասել, որ իմ օպտիմալ մարզավիճակում եմ, բայց վատ չեմ պատրաստված: Տրամադրված եմ լավ պայքարի և սպասում եմ այդ օրվան: Աշխարհի տարբեր անկյուններից ինձ երկրպագելու են գալու ընկերներս, և չեմ ցանկանում նրանց հուսախաբ անել»: 

 

Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներով է մեկնում Լատվիա, հունահռոմեական ոճի ըմբիշն ասաց. «Օբյեկտիվ մրցավարության հույս ունեմ, հուսով եմ նաև, որ կկարողանամ լավ գոտեմարտեր ցույց տալ, հավատում եմ ինքս ինձ և իմ հաղթանակին՝ Աստծո օգնությամբ»:

 

Զրույցի վերջում մարզիկը հավելեց. «Մեր թիմին ցանկանում եմ հաջողություն, միասնականություն և լավ տրամադրություն»:

 

ԼՈւՐԵՐ.com-ը նույնպես հաջողություն և հաղթական վերադարձ է մաղթում առաջնությանը Հայաստանը ներկայացնող բոլոր մարզիկներին:

 

Եվրոպայի առաջնությունը Ռիգայում կմեկնարկի վաղը և կավարտվի մարտի 13-ին:


Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներից Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):


Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում են Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):


Զրուցեց՝ Լիանա Թորոսյանը