Հավանաբար, նկատած կլինեք, որ Հայաստանում, հատկապես վերջին շրջանում, մի տեսակ ավանդական բնույթ է ստացել Ազգային վիճակագրական ծառայության կողմից պարբերաբար ինչ-որ թվեր հրապարակելը, որի նպատակն է իբր հանրությանը ծանուցել շուկայում տեղի ունեցող գնային տեղաշարժերի մասին՝ որ ապրանքատեսակը որ ամսին որքան է էժանացել կամ թանկացել: Պարզվում է՝ ՀՀ ԱՎԾ-ն, գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի միջնորդությամբ, կրկին հանդես է եկել համապատասխան վիճակագրությամբ, որից պարզ է դառնում, որ, ի զարմանս շատերիս,Հայաստանում նկատվում է սպառողական գների անկում: Այսպես՝ ըստ ԱՎԾ տվյալների՝ Հանրապետությունում նկատվում է 1,4%-անոց ընդհանուր գնանկում, որից պարենային ապրանքների մասով՝ 3,2%, իսկ ոչ պարենային ապրանքների մասով՝ 0,6%:



Իրականում՝ նրանք, ովքեր գոնե մի փոքր գլուխ են հանում էկոնոմիկայից, պետք է որ լավ իմանան այն օրինաչափության մասին, որը ենթադրում է, որ եթե շուկայում նկատվում է գնանկում, դա սովորաբար վկայում է այն մասին, որ սպառողների եկամուտները նվազել են. ԱՎԾ կողմից գրանցած գնանկման բուն պատճառը ոչ թե, ասենք, հայրենի կառավարության կողմից այդ նպատակով հատուկ գործադրած ջանքերն են եղել, այլ, ավելի շուտ, ժողովրդի սոցիալական վիճակի վատացումը. մարդիկ այլևս ի վիճակի չեն թանկ կամ նույնիսկ միջին արժողության ապրանք, պարեն կամ ցանկացած այլ բան գնելու: Բացի այս ամենից, եթե մի փոքր քննադատորեն մոտենանք նույն ԱՎԾ-ի կողմից հրապարակած տվյալներին ու փորձենք սեփական փորձով համոզվել դրա արժանահավատության մեջ, ապա կբախվենք անլուծելի խնդրի, որը, ըստ էության, մշտապես էլ բնութագրական է եղել մեր երկրին. իրականությունը վիճակագրության հետ, որպես կանոն, շատ քիչ աղերսներ է ունենում, իսկ այս կամ այն առիթով ներկայացվող թվերն էլ պարզ թվանկարչության արդյունք են ընդամենը:



Օրինակ՝ բնակչության շրջանում անցկացրած նույնիսկ փոքրիկ հարցախույզն իսկ բավական կարող է լինել, որպեսզի հնարավորություն ունենանք իրական պատկերացում կազմել խանութներում տիրող իրական պատկերի վերաբերյալ. տարբեր հարցախույզեր փաստում են, որ մարդիկ ոչ մի շոշափելի տարբերություն չեն տեսնում այսօրվա և, ասենք, մեկ ամիս առաջ եղած գների միջև: Մեզ մոտ, ցավալիորեն, տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ փոխարենը բարձրանա գնորդների գնողունակությունը՝ տեղի է ունենում դրա նվազման արդյունքում առաջացած գնանկում. ո՞ւմ է պետք այդ գնանկումը, եթե դրա արդյունքում ոչ թե բարձրանում, այլ իջնում է մարդկանց գնողունակությունը. ո՞րն է տրամաբանությունը:



Ակնհայտ է, որ ԱՎԾ կողմից պարբերաբար հրապարակվող նույնիսկ դրական ցուցանիշներն այլևս ի վիճակի չեն մարդկանց շրջանում տրամադրություններ փոխել, կարծիք ստեղծել այս կամ այն բանի մասին. մարդիկ սեփական փորձով են ցանկանում համոզվել այն դրականի մեջ, որոնք, ցավոք, միայն թվերում են արտահայտվում:



Դավիթ Բաբանով