ՖԱՖ մամուլի քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
Արդեն 2-րդ օրն է ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում: Ինչպես հայտնի է, ՖԱՖ-ը նախորդ տարեվերջ, առաջ քաշելով պահանջներ, որոնց մեջ էր նաև տոմսերի գների էժանացման հարցը՝ հրաժարվեց ՀՖՖ-ի տրամադրած տոմսերի զեղչերից:
Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք /կարելի է ստուգել տոմսարկղում/, իսկ հարավային տրիբունայում՝ ՖԱՖ-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու «վաճառված», ավելի տեղին է ասել՝ «հանված են» մի քանի հարյուր տոմս:
Այսօր տոմսարկղի վաճառողուհին արդեն պատճառաբանեց' իբր խափանվել է բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը և տոմս վաճառել հնարավոր չէ, կարճ ժամանակ անց սակայն նույն վաճառողուհին հայտարարեց,որ բոլոր տրիբունաների համար հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:
Կոչ ենք անում Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին համախմբման, իսկ պատկան մարմիններին և ԶԼՄ-ներին՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ավելի հանգամանալից ստեղծված իրավիճակի և հետագա մեր գործողությունների վերաբերյալ կհաղորդենք մի փոքր ուշ: