Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ԱԳ նախարարները, ինչպես նաև Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել են Սիրիայում իրավիճակի կայունացման առաջընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն' գործընկերների հետ Փարիզում անցկացրած հանդիպումից հետո: «Մենք ընդգծել ենք որոշ շրջաններում նկատվող առաջընթացի կարևորությունը, բայց այն պետք է ընդլայնվի և շարունակվի»,-ասել է նա:

 

Էյրոն կրկին ընդգծել է Սիրիայում հրադադարի ռեժիմին հետևելու, ինչպես նաև բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պայմանների ապահովության կարևորությունը:

 

«Առաջիկա երեքշաբթի լրանում է այս մահաբեր հիմնախնդրի յոթերորդ տարին: Միջսիրիական բանակցությունները պետք է մեկնարկեն վաղը: Պետք չէ թաքցնել, որ դրանք բարդ են լինելու: Բայց մենք նորից ցանկանում ենք հայտարարել ընդդիմության ողջամիտ թևին մեր աջակցության մասին, որը Ժնև գալու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու խիզախ որոշում է ընդունել»,-ընդգծել է նա: