ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այն կարծիքին է, որ Կոնգրեսը Կուբայի դեմ սահմանված ամերիկյան առևտրատնտեսական էմբարգոն կվերացվի արդեն այն բանից հետո, երբ երկրի բարձրագույն պետական պաշտոնում իրեն կփոխարինի մեկ ուրիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը մասամբ հրապարակվել է մարտի 14-ին:

 

«Վստահորեն կանխատեսում եմ, որ հաջորդ վարչակազմի օրոք, լինի այն դեմոկրատական, թե հանրապետական, այդ բռնարգելքն իրապես կհանվի»,- նշել է Օբաման, որի նախագահական ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունվարին: Նրա խոսքով՝ ներկայումս դեռևս չկան անհրաժեշտ թվով օրենսդիրներ, որոնք պատրաստ լինեն պաշտպանել Կուբայի դեմ գործող սահմանափակիչ միջոցների չեղարկումը, բայց ապագայում իրադրությունը, ամենայն հավանականությամբ, կփոխվի:

 

Օբաման իր տիկնոջ՝ Միշելի ուղեկցությամբ մարտի 21-ին այցով կժամանի Կուբա և կդառնա վերջին 88 տարվա ընթացքում կղզի այցելած ԱՄՆ-ի առաջին գործող ղեկավարը:

 

ԱՄՆ-ը Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1961 թվականին Հավանայի իշխանությունների կողմից կղզում ամերիկյան սեփականության ազգայնացումից հետո: Այդ ժամանակ էլ Վաշինգտոնը հայտարարեց Կուբայի դեմ միակողմանի առևտրատնտեսական էմբարգո սահմանելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: