Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին ներկա էր Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը' Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' եկեղեցական արարողությանը մասնակցում էին նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, մեր երկրում օտարեկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, հավատավոր ժողովուրդն' ի դեմ նաև աշխարհասփյուռ հայերի և արտասահմանցիների:

 

Սուրբ Հարության տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի ամենակարևոր տոներից է, խորհրդանշում է Քրիստոսի հաղթանակը մահվան ու մեղքի նկատմամբ:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հավատավոր ժողովրդին ուղղված իր քարոզում պատգամեց ապրել Հիսուս Քրիստոսի խոսքին ու պատվիրաններին համաձայն, որքան էլ, որ ներկա ժամանակաշրջանում լինեն դրան խոչընդտող մարտահրավերներ: «Այսօր Տիրոջ հրաշափառ Հարության խորհրդի առջև բնականից բարձրանում է հարցը' որքանո՞վ ենք ապրում Քրիստոսով նորոգված կյանքով, ընթանում Փրկչի խոսքի և պատվիրանների համաձայն: Ի՞նչն ենք կարևորում մեր կյանքում' հարության Ավետարա՞նը, թե՞ մոլար վարդապետություններ և խաբեպատիր գաղափարախոսություններ, Տիրոջ կամքին հետևե՞լը, թե՞ մեղսակորույս, կենսակործան ճանապարհները, երկնքում գանձեր դիզե՞լը, թե՞ շահատենչությունը, հոգևոր ազատությո՞ւնը, թե՞ սանձարձակությունը, ազնվությո՞ւնն ու ուղղամտությունը, թե՞ պիղատոսյան թվացյալ արդարությունը, նախըտրում ենք Հիսուսի՞ն, թե՞ ավազակ Բարաբային: Գիտության, կրթության անօրինակ առաջընթացի հետ մեր ժամանակներում ականատեսն ենք նաև ավանդական արժեհամակարգի փլուզման, մարդու բարոյական անկման և հոգևոր սնանկացման երևույթների: Կյանքի հարմարավետության, արագահասության հնարավորությունների պայմաններում նույնիսկ' մարդիկ, անգամ ընտանիքի անդամներ, օտարանում են միմյանցից: Բարիքների առատության մեջ ոչ թե կարիքն ու թշվառությունն են վերանում, այլ խորանում է հասարակության բևեռացումը: Տեխնոլոգիաների առաջընթացը կյանքը դյուրություններ ստեղծելու հետ հանգեցնում է նաև նոր հնարանքներով ընթացող պատերազմների և ահաբեկչությունների, որոնք շարունակաբար ցնցում են աշխարհը' դառնալով համընդհանուր սպառնալիք մարդկության համար: Նման իրողությունների առջև և մշտապես հարկ է անդրադառնալ և բարձրաձայնել աստվածային արդարության ու հատուցման մասին այս աշխարհում և հանդերձյալում, որը վերահաս է բոլոր անհատներին ու ժողովուրդներին:

 

…Տագնապներով ու ցնցումներով լի աշխարհը, նաև մեր իրականությունը, որ նույնպես բազմահոգ է դժվարություններով ու խնդիրներով, կարող են վերափոխվել քրիստոսաշնորհ հոգևոր լիության կյանքով, հաղթահարելով մարդկային ցավերն ու ողբերգությունները և ամենուր հաստատելով հիմքերը ապահովության ու բարօրության: Քրիստոսի Հարությունը մշտահունչ հրավեր է, որ աշխարհը վեր հառնի մեղքից դեպի շնորհ, և ամենայն մահասփյուռ, ավերիչ իրողություն կլանվի Աստծով ապրող և առաջնորդվող կյանքից: Քրիստոսի Հարությունը հիմքն ու հաստատությունն է հավատքի, որ լուսավորում է մարդկանց սրտերը , նեղությունների հորձանուտում շնորհում հույս ու մխիթարություն, տառապանքների գողգոթաներում' հառնելու ուժ և զորություն, պարգևում խրոխտ ու արիասիրտ ոգի' արդար մարտնչումներում, նվիրումի ոգեշնչում, բերկրանք ու խնդություն' ապրելու և արարելու: Այս ոգին ու ընթացքը հարազատ են և բնորոշ մեր ժողովրդին, մեր կյանքին ու պատմությանը և լուսավորում են մեր ներկան ու ապագան: Վեր հառնելու, դժվարությունների առջև չընկրկելու, նոր կյանք կերտելու վկայությունը մեր ժողովուրդը բերեց վերահաստատելով մեր անկախ պետականությունը, որի 25-ամյա տարեդարձն է այս տարի: Մեր հայրենիքի զորացմանը, համազգային մեր կյանքի շինությանն ու պայծառությանն ուղղված մեր ջանքերում և այսօր ծառացած մարտահրավերների առջև, սիրելիներ, Քրիստոսի Հարության հավատքն ու լույսն ունենք մեզ առաջնորդող, արդ, մեր կյանքը լցնենք մեր Տիրոջ սիրով, միմյանց զորակցությամբ, ավետի սներով բարի գործերի: Զատկական խորհրդով այսօր մեր հոգիներին շողում է քրիստոսապարգև հարության երկնային շնորհը, որը դրոշմվում է մեր կյանքին, երբ ապրում ենք հավատքով ու քրիստոնեական արժեքներով, մեր մերձավորների, մեր ժողովրդի, հայրենիքի ու մեր Սուրբ Եկեղեցու համար»,- ասաց Վեհափառը:

 

Պատարագի ավարտին իջնելով խորանից' Գարեգին Երկրորդ կաթողիկոսը անցավ ժողովրդի միջով' նրանց փոխանցելով հրաշափառ Հարության սուրբ Ավետիսը.

«Քրիստոս Հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի,

Ձեզ և Մեզ մեծ ավետիս»: