Վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանը լարված է։ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց ուղղությամբ գնդակոծությունից:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց՝ հանգստյան օրերին իրավիճակը լարված է եղել, հակառակորդը կիրառել է խոշոր տրամաչափի զենքեր:
«Շաբաթ օրն էլ կրակել են տների, մարդկանց ուղղությամբ: 06 մակնիշի մեքենայի վրա են կրակել, վարորդը մի կերպ փախել ա։ Տների ուղղությամբ էլ են կրակել, դա նորություն չի։ Ապրում ենք էլի. հույսներս դրած՝ կապրենք, թե չենք ապրի։ Վախկոտ, համբալ եզներ են, կրակում են էլի։ Խաղաղ բնակիչների վրա կրակելը որն ա, էս ո՞ր թիվն ա, չեմ հասկանում։ Պատերազմ ա պետք մեզ, պատերազմ, մեր գյուղի ժողովուրդը մտածում է, որ պետք է պատերազմ լինի՝ կա՛մ էս յան, կա՛մ էն յան։ Ամեն օր սենց՝ ո՛չ գիշեր քնես, ո՛չ ցերեկ»,- ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ քաղաքացի, 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն էլ նշեց, որ կոնկրետ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց դիրքերում իրավիճակը լարված է եղել։ Գյուղապետը հակառակորդի ակտիվությունը դիտարկում է որպես քրիստոնեական տոներին լարվածություն ստեղծելու ևս մեկ առիթ։
Հավելենք՝ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների: