Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Իրավիճակի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ։


- Պրն. Այվազյան, ինչպես կմեկնաբանեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը, որով նա ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, փաստորեն, հանձնարարել է «համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ եւ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետեւ ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»։


- Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության պատասխանն Ադրբեջանին պետք է լինի ոչ միայն ռազմական, այլև միջազգային իրավական դաշտում և այդ առումով ՀՀ նախագահի առաջարկը միանգամայն ողջունելի է։ Սակայն, կարծում եմ, այս քայլը պետք է կատարվի իրավական առավել լայն ու խորը շրջանակում։

 

Նախևառաջ պետք է հիշել հայկական կողմի բուն նպատակը՝ Արցախի վերջնական վերամիավորում Հայաստանի Հանրապետության հետ։ Այժմ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն մեկ միասնություն են կազմում ռազմական, լեզվամշակութային, էթնոժողովրդագրական, տնտեսական, ֆինանսադրամական և բազմաթիվ այլ բնագավառներում։ Ներկա Հայաստանը հայ զինվորի վերահսկած 42,000 քռ կմ տարածքի վրա գոյություն ունեցող Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են։ Այս փաստական միասնությունը հնարավորին չափ շուտ պետք է ուղեկցվի իրավական վերամիավորմամբ։ Սակայն միջազգային քաղաքական գործող համակարգի պայմաններում ՀՀ և ԼՂՀ վերամիավորման գործընթացը բարդագույն խնդիր է։ Անգամ Ռուսաստանի Դաշնությունն իր ողջ հզորությամբ ու միջազգային կշռով Ղրիմն իր կազմի մեջ մտցնելուց հետո բախվել է կոշտ դիմադրության։ Հետևաբար, ՀՀ և ԼՂՀ վերամիավորման մասին շտապողական հայտարարությունը որևէ կողմից աջակցություն ստանալ չի կարող։ Այդ քայլը կմեկնաբանվի որպես անեկսիա, թեկուզև այդ մասին գոյություն ունի տակավին 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի համատեղ որոշումը։

 

Այդուամենայնիվ Ադրբեջանի լկտի ագրեսիան թույլ է տալիս առանց հապաղելու շարժվել իրավական վերամիավորման ուղղությամբ։ Կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը կարող է որդեգրել վերամիավորման հետևյալ եռաքայլ ռազմավարությունը.

 

առաջին՝ ՀՀ-ն ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը.

 

երկրորդ՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն անմիջապես կնքում են կոնֆեդերատիվ հարաբերությունների մեջ մտնելու մասին պայմանագիր (պայմանագրի կետերը, բնականաբար, պետք է մշակվեն ու ձևակերպվեն շատ նրբորեն մասնագիտական մի քանի խմբերում, որոնց մեջ կարիք կլինի ներգրավելու նաև միջազգային իրավունքի արտասահմանցի առաջատար փորձագետներին).

 

երրորդ՝ ապագայում առաջին իսկ հարմար առիթով այս կոնֆեդերացիայի երկու անդամներն ընդունում են միասնական պետություն կազմելու մասին վերջնական որոշում։

 

Առաջին և երկրորդ քայլերը պետք է կատարվեն գրեթե միաժամանակ, որովհետև առանց ՀՀ-ի հետ կոնֆեդերատիվ հարաբերությունների հաստատման Արցախի ճանաչումը որպես անկախ պետություն ունի նաև մեծ բացասական կողմեր, այդ թվում՝ վերամիավորման բուն նպատակի ստվերում և լղոզում, իսկ երկարաժամկետ կտրվածքով նաև ընդհանուր հայկական ինքնությունից անջատ «արցախյան» էթնիկական ինքնության ձևավորման ակամա խրախուսում (այս կապակցությամբ բավարար է հիշել իր մայր հայրենիքից՝ Սերբիայից կամավորապես անջատված Չեռնոգորիայի օրինակը)։

 

Երրորդ քայլը՝ միասնական պետության հռչակումը, պետք է կատարել ապագայում, երբ միջազգային քաղաքական իրադրությունը նորից բարենպաստ հնարավորություն կընձեռի։

 

Այս եռաքայլ սցենարով ՀՀ և ԼՂՀ վերամիավորման կարևորագույն խնդիրն առաջ կշարժվի, իսկ Ադրբեջանն իր ռազմական արկածախնդրության դիմաց կստանա հուժկու իրավաքաղաքական հակահարված։ Բաքվի հերթական այս հանցագործությունը՝ մեծ պատերազմի հրահրումն պետք է պատժվի համակողմանիորեն, ներառյալ միջազգային և պետական իրավունքի ուժով։

 

Միաժամանակ, միջազգային հանրության համար այսպիսի կոնֆեդերացիայի ստեղծումը կլինի առավել ընկալելի և ընդունելի, քանի որ այն կհաստատի ու կպարզեցնի 1994 թ. զինադադարից ի վեր իրական հողի վրա գոյություն ունեցող ռազմաքաղաքական վիճակը։