Ադրբեջանական կողմի հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը՝ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունն այլևս ի վիճակի չէ շարունակել ռազմական գործողություններն Արցախի դեմ: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրադադար պետք է խնդրի պաշտոնական Ստեփանակերտից, քանի որ ձախողել է Արցախի դեմ պատերազմ սկսելու փորձը:
«Չնայած Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ նման որոշում են կայացրել՝ անսալով միջազգային կոչերին, բայց ակնհայտ է, որ նախկինում նման կոչեր ևս եղել են, բայց նրանք չեն լսել: Հիմա միակ պատճառը, որը կարող է ստիպել Ադրբեջանին նման հայտարարություն անել, այն է, որ ռազմաճակատի ողջ երկայնքով Ադրբեջանն ահռելի կորուստներ է կրում և այլևս մարդկային և բարոյական ռեսուրս չունի Արցախի պաշտպանության բանակի հարվածներին դիմակայելու»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ադրբեջանցիները փորձում են իրավիճակից հնարավորինս լավ արդյունքով դուրս գալ, բայց փաստն այն է, որ Ադրբեջանի հարձակման արդյունքում որոշակի փոփոխություններ են եղել ռազմաճակատում և մինչև այդ փոփոխությունները հստակ չվերացվեն, Ադրբեջանը չի կարող նման միակողմանի հայտարարություններ անել և դուրս գալ այդ իրավիճակից: «Իրականությունն այն է, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու փորձ է իրականացրել, այդ փորձը տապալվել է և հրադադարի մասին որոշումը նա արդեն պետք է խնդրի պաշտոնական Ստեփանակերտից և ոչ թե միակողմանի նման որոշումներ կայացնի»,- եզրափակեց քաղաքագետը: