Թալիշում Խալափյանների ընտանիքի գնդակահարման ժամանակ բնակիչները գյուղի դեռևս չէին տարհանվել և գյուղի մյուս ծայրում սպանության կրակոցները լսելի են եղել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

 

Ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ Վալերա Խալափյանի մորը' 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին, ով գտնվում էր առողջական ծանր վիճակում: Խալափյանները բնիկ թալիշցիներ էին:

 

«Գիշերվանից հրահանգ էինք ստացել' առաջնահերթությամբ տարհանել երեխաներին և մեծահասակներին: Լուսաբացին բնակիչներին հրավիրել էինք գյուղապետարան' տարհանումը կազմակերպելու համար: Հենց այդ ժամանակ էլ սկսեց ուժեղ հրետակոծություն: Խալափյանների ընտանիքն ապրում է թշնամու ուղիղ նշանառության ներքո: Այդ ուղղությամբ հարվածները շատ ավելին են: Դեպքի ժամանակ Խալափյանների որդին իր երեխաներին հասցրել էր հեռացնել տնից: Իմ կարծիքով, այն ժամանակ, երբ դիվերսիոն խումբը մտել է բնակարան, գյուղի հեռվում կրակոցները լսելի են եղել: Այդ ժամանակ գյուղը դեռևս ամբողջությամբ չէր տարհանվել և սպանության ժամանակ մենք գյուղում ենք եղել»,- ասաց Պետրոսյանը:

 

Նա տեղեկացրեց, որ Խալափյանների որդին բազմազավակ հայր է, ունի վեց երեխա: Նրանք ապրում էին ծնողների հետ: «Խալափյանների որդին չէր հասցրել ծնողներին ևս տարհանել, ինչ- որ տեղ նաև հրետակոծության պատճառով»,- նշեց Թալիշի համայնքապետը:

 

«Ներկա դրությամբ Թալիշի շրջանում կրկին լսվում են կրացոներ , սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես ապրիլի 2-ին»,- ասաց համայնքապետը: