Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ ղարաբաղյան հակամարտությունում նա Հայաստանի կողմն է անցել, գրում է Hürriyet Daily News-ը:

 

Ավելի վաղ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, որը համարվում է Թուրքիայի դաշնակից՝ ասելով, թե «մի օր Ղարաբաղը կվերադառնա իր իրական տիրոջ մոտ»: Ինչպես հայտնի է, 2010 թ. երկու պետությունները ռազմական դաշինք են ստեղծել, ստորագրելով ռազմավարական գործընկերության և փոխադարձ աջակցության մասին համաձայնագիր, ըստ որի, նրանք պարտավորվում են օգտագործել բոլոր ռեսուրսները՝ ռազմական հարձակման դեպքում:

 

«Ռուսաստանը սիրում է ինչ-որ մեկի կողմն անցնել: Նա այդպես է արել Ուկրաինայում, Վրաստանում, իսկ այսօր նաև Սիրիայում»,- ասել է Էրդողանը: Ինչպես նշում է պարբերականը, Մոսկվան մեղադրվում է Ուկրաինայի արևելքում և «Վրաստանի անջատողական տարածաշրջաններում»՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում զինված հակամարտություններ հրահրելու մեջ: Նա մեղադրվում է նաև սիրիական կառավարությանը միանալու, և ոչ թե ԻՊ-ին, այլ սիրիական ընդդիմությանը հարվածներ հասցնելու մեջ: