Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) համատեղ մամուլի ասուլիսը: Այն մեկ բառով կարելի է բնութագրել որպես հիասթափեցնող: Համանախագահները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առնչությամբ որևէ նոր բան չասեցին, նույն ծեծված արտահայտությունները, հայտնի սկզբունքներն արդեն որերորդ անգամ հիշատակելը:

 

 

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունների «սեղանի վրա» գտնվելու մասին Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասածի առնչությամբ լրագրողներից մեկի հարցին, Իգոր Պոպովն ասաց, որ Լավրովն ինքը քանիցս ասել է, որ ինչ-որ նոր փաստաթուղթ, համանախագահների նոր առաջարկ չկա, իսկ եղածը հիմնված է երեք սկզբունքի վրա, որոնց մասին բազմիցս հայտարարվել է: Այդ սկզբունքներն են ուժի չկիրառման սկզբունքը, ազգերի ինքնորոշման սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը: Ամենագլխավորը, ինչպես Պոպովն ասաց, Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը և տարածքների վերադարձն է, որոնք առանց մեկը մյուսի գոյություն չունեն: Խաղաղությունը պահպանելու համար հիմնական առաջադրանքը, ըստ նրա, կողմերին բանակցային աթոռին նստեցնելն է, սկզբունքորեն կա ըմբռնում, որ անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական քննարկումներին:

 

 

Հիմա հիշենք, թե քանի անգամ է այս մասին ասվել և ինչ դուրս եկավ դրանից: Ինչո՞ւ պետք է հավատանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ Ալիևի կեղծ բարբաջանքներին, այդ ամենը խանգարե՞ց, որ Ադրբեջանն ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը ռազմական լայնածավալ գործողություններ նախաձեռնի Արցախի դեմ, իսկ հետո, չնայած հրադադարին Ադրբեջանի տված համաձայնությանը, այդ պետության զինված ուժերի կողմից կրակ բացվի ոչ միայն ԼՂՀ, այլև նույնիսկ ՀՀ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Կարծում ենք՝ ազնիվ ու բարոյական կլիներ, եթե համանախագահները գոնե այսօր հայտարարեին, որ Ալիևը լկտի ստախոս է և, չնայած խաղաղություն հաստատելու և հիմնախնդրի լուծման ուղղությամբ իրենց ջանքերին, շարունակաբար խաբում է իրենց և միջազգային հանրությանը: Բայց դե քաղաքականությունն ի՞նչ կապ ունի ազնվության ու բարոյականության հետ… Ալիևն այսօր ասել է, թե ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծում, նախ՝ «օկուպացված» տարածքների վերադարձ Ադրբեջանին, ապա փախստականների վերադարձ իրենց բնակավայրեր… Նա ասել է նաև, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր հողերի վրա հայկական երկրորդ պետության ստեղծում՝ «մոռանալով», որ այդ պետությունն, ի հեճուկս իրեն և Ադրբեջանի, ավելի քան երկու տասնամյակ ստեղծված է արդեն ու գնալով ամրապնդվում է: Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունից հետո դժվար է պատկերացնել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ ինչի շուրջ և ինչ է բանակցելու, թերևս ժամանակն է հայտարարելու, որ խմբի գործադրած ջանքերը եղել են ապարդյուն և առաջիկայում էլ արդյունք չեն կարող տալ:

 

 

Ի դեպ, Ստեփանակերտում հրաժարվելով լրագրողների հարցերին պատասխանելուց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստացել էին, որ բոլոր հարցերին կպատասխանեն Երևանում: Սակայն այստեղ լրագրողների հետ նրանց հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխարեն, չգիտես ինչու, կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը, որի մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը, չնայած առկա բազմաթիվ հարցերին, համանախագահների ժամանակի սղությամբ պատճառաբանությամբ սահմանափակեց լրագրողների հարցեր տալու իրավունքը՝ հինգ հարց և ոչ ավելի, ընդ որում, այդ սահմանափակման մասին նախապես չհայտնելով:

 

 

Արթուր Հովհաննիսյան