ԱԺ նախկին պատգամավոր, գործարար ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») պատրաստ է իր ստորագրությունը դնել՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի ազատ արձակման խնդրագրի տակ, որ նրան ներում շնորհեն: Այս մասին նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Մարգար Օհանյանը մինչեւ Ճանապարհային ոստիկանության պետ լինելը դժվար ճանապարհ է անցել:
«Պատերազմի մութ ու ցուրտ տարիներին, երբ հայ ժողովրդի գոյությունը պահպանելու համար դժվարությամբ սնունդ էինք բերում, այդ ամբողջ բեռները ուղեկցում էր Մարգարը ու շատ դժվարին, կրակոցներով ուղի էր անցնում: Իր կյանքի գնով այդ սնունդը բերել հասցրել է Հայաստան: Այդ ամենը տեսնելով ու հիշելով, կարծում եմ, որ մարդու կատարված սխալի համար կարելի է ներել: Հատկապես այն դեպքում, երբ այդ ամենի համար փոխհատուցել է: Նա արդեն ստացել է իր պատիժը: Ավելի ճիշտ է, նրան պատասխանատու աշխատանքներից զրկեն, քան տանեն բանտարկեն»,- ասաց Հակոբ հակոբյանը:
Նրա կարծիքով՝ եթե Մարգար Օհանյանը կատարել է արարք եւ վերականգնել է գումարը, նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում: «Իսկ մենք գիտենք, որ հանցանք կատարած անձին բանտարկում են հասարակությունից մեկուսացնելու համար: Հանրապետության նախագահը, եթե ներում շնորհի՝ ուժեղներին հարիր գործ կատարած կլինի, որովհետեւ ուժեղները միշտ ավելի շատ ներող են լինում, քան՝ պատժողները»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Հարցին, թե իր շրջապատին հորդորելու է, որ նրանք էլ ստորագրե՞ն խնդրագրի տակ, նախկին պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, եթե նախաձեռնողներն ինձ դիմեն, առաջիններից մեկը ես կլինեմ, ով կստորագրի եւ կխնդրենք երկրի նախագահին, որ ներում շնորհի, որովհետեւ Մարգարը հասարակության համար վտանգ չի ներկայացնում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը' կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս: