Եթե չլիներ ռուսական հովանոցը, այսպիսի կոռուպցիոն իրավիճակ Հայաստանում չէր կարող լինել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում և քաղաքացիական ընդվզում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը։

 

«Այո, Ռուսաստանն ունի շահեր, մենք էլ ունենք մեր շահերը, պարզապես պետք է կարողանանք մեր շահերն առաջ տանել։ Հիմնական խնդիրը գաղափարախոսական լափշան է, որ մեր ականջներից տարիներ շարունակ կախում են։ Եթե իշխանություններն իրենց լեգիտիմությունը ստանում էին Ռուսաստանից, բնականա է, պետք է առաջ տանեին Ռուսաստանի շահերը։ Նախորդ հրադադարից հետո մենք բավականին ժամանակ ունեինք, սակայն մենք մեր հուսյը դրեցինք Ռուսաստանի վրա և մտածեցինք, որ քարտ բլանշ ենք ստացել»,- ասաց Ենոքյանը։

 

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այն ընդվզումը, որը գնում է Ռուսաստանի դեմ, ընդվզում է նաև կոռուպցիայի դեմ. «Երբ մեզ ասում էին, որ կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է, մեր բարձր պաշտոնյաներն ասում էին՝ մի խառնվեք մեր ներքին գործերի մեջ։ Տեսանք չէ, սա ինչի հանգեցրեց։ Եթե չլիներ ռուսական հովանոցը, այսպիսի կոռուպցիոն իրավիճակ չէր կարող լինի։ Ռուսաստանի հետ հեշտ է կոռուպցիա անել, Ռուսաստանի հետ բացի կոռուպցիոն իշխանություններից, այլ իշխանություններ չեն կարող համագործակցել։ Դրա վառ ապացույցը Վրաստանն է»։