ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում 18 անգամ խախտել է հրադադարը:

 

ՀՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

 

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»: