Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, ում երկրի իշխանությունները հետապնդում են ոչ իշխանահաճո պահվածքի, ելույթների ու հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ստեղծագործությունների համար, բաց նամակով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը:

 

Բաց նամակում Այլիսլին, դիմելով Ալիևին, նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի քննությունը մոտ է ավարտին: «Իմ հացանքն այն է, թե ես իբր ավազակություն եմ արել Բաքվի օդանավակայանում, երբ պատրաստվում էի մեկնել Վենետիկյան գրական փառատոնին: Սակայն տեսագրող սարքերը որևէ նման բան չեն ֆիքսել: Բացի այդ, ինձ մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցին այնքան ուժեղ հարվածելու մեջ, որի հետևանքով նրա մարմնի վրա կապտուկներ են առաջացել: Տարօրինակ համընկմամբ՝ ձայնագրող տեսախցիկները նման բան ևս չեն ֆիքսել: Կարելի է արդյոք համոզել որևէ մեկին, որ 78-ամյա մարդը, ով թույլ սիրտ ունի, կարող է նման քայլի դիմել սպորտային կառուցվածք ունեցող 35-ամյա երիտասարդի դեմ»,- նշել է Այլիսլին' ընդգծելով, որ երբ օդանավակայանում իրեն նման մեղադրանք են առաջադրել, նա չի էլ հավատացել, որ իսկապես կարող է գործը հասնել դատարան:

 

Գրողը նշել է, որ այս ամբողջ ընթացքում ակնկալել է, որ այս գործի առնչությամբ Ալիևը որևէ հայտարարություն կանի, սակայն նրա լռությունը հերթական անգամ ապացուցել է, որ իր հանգիստ գոյությունն ու գրական գործունեության շարունակումը այդ երկրի իշխանական շրջանակներին չեն հետաքրքրում:

 

«Վերջին տարիների ընթացքում ես և իմ ընտանիքը ենթարկվել ենք տարատեսակ վիրավորանքների և զրկանքների: Ես շատ կցանկանայի հավատալ, որ մեզ կթողնեին հանգիստ ապրել մեր երկրում: Սակայն իրականությունը վկայում է, որ ամեն բան հակառակն է, և այն հետապնդումները, որոնք սկսվել են 3 տարի առաջ, նախկինի պես շարունակվում են:

 

Սակայն այս քարոզչությունը վերսկսել, պարոն նախագահ, չարժեր: Նախ և առաջ այն պատճառով, որ իմ' քննադատությունների առիթ դարձած «Քարե երազներ» վեպը դուրս է եկել քաղաքական ենթատեքստից և իր տեղն է զբաղեցրել' ապրելով գրական ստեղծագործության կյանքով»,- նշել է ադրբեջանցի գրողը' փաստելով, որ գիրքը հրատարակվել է տարբեր հրատարակչությունների կողմից, որոնք, հեռու լինելով քաղաքականությունից, գնահատել են ստեղծագործության գրական արժեքը:

 

«13 պրոֆեսորների կողմից ինձ Նոբելյան մրցանակի առաջադրելը չպետք է դիտարկել որպես հայկական քարոզչության ակտիվացում, քանի որ այդ դիմումը ստորագրած անձինք որևէ քաղաքական խաղի մաս չեն կազմում: Ես բացարձակապես համոզված եմ, որ քանի դեռ մենք չենք ցանկանում լսել աշխարհին, աշխարհը չի լսի մեզ»,- նշել է Այլիսլին' ընդգծելով, որ երկրին տնտեսական բարեփոխումների կողքին ավելի անհրաժեշտ են գաղափարական փոփոխություններ:

 

Նա նշել է, որ դժվարությամբ է ընկալում, թե ինչ խնդիրների կարող էր իր ստեղծագործությունն առաջացնել ադրբեջանական իշխանությունների և պաշտոնական գաղափարախոսության համար: Այլիսլին դեմ է արտահայտվել այն կարծիքին, թե իր վեպը «ոչնչացնում է ադրբեջանցի ժողովրդին»:

 

Նա նշել է, որ այս տարիքում իրեն ավելի շատ մտահոգում է ոչ թե իր, այլ իր ընտանիքի, աշխատանքից զրկված երեխաների ապագան: «Միամիտ կլիներ կարծել, թե գայլ-չինովնիկների և կաշառակերների երկրում որևէ մեկը հոգ կտանի իմ երեխաների համար: Այդ իսկ պատճառով բոլոր այս մտքերն ինձ վրա ազդում են, ինչպես մղձավանջային երազը: Արդեն ավելի քան երեք տարի ես իմ հայրենիքում ենթարկվում եմ շանտաժի, բարոյահոգեբանական ճնշման, իմ տարրական իրավունքների խախտման:

 

Հարգարժան նախագահ, հավատացեք, ես երբեք սկանդալների կողմնակից չեմ եղել: Եվ ես մեղավոր չեմ, որ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպն աշխարհում նման ռեզոնանս է ստեղծել ու լուսաբանվում է շատ ԶԼՄ-ների կողմից: Ձեզ ուղղված նամակիս պատճառը համոզմունքն է և մեծ հույսը, որ Դուք հոգ կտանեք, որ պատժվեն միջադեպի իրական մեղավորները»,- եզրափակել է նամակն ադրբեջանցի գրողը: