ԳԱԱ-ում կայացած գիտաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մեր երկիրը սպառազինության համար ունի գումար, գործընթացն առաջ գնում է և շատ շուտով այն, ինչ պլանավորել են ձեռք բերել, ձեռք կբերեն:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ վարչապետը հերքում է տարածված այն տեղեկությունը, թե կառավարությունն առաջարկ է արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար և կան մարդիկ, ովքեր ինքնակամ ցանկանում են օգնել զոհվածի ընտանիքին, բանակին, բայց իրենք որևէ մեկին չեն պարտադրել, խնդրել, որ աջակցեն պետությանը:

 

Աբրահամյանը նշեց նաև, որ սպառազինություն ձեռք բերելու համար նախատեսված ժամկետները կրճատվելու են:

 

Դիտարկմանը, թե պետք է ժողովրդի հաշվին հարստացած օլիգարխների ձեռքից գումարները վերցվի և զենք գնվի, ասաց.

 

«Այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պատկան մարմինները կհետևեն այդ գործընթացներին, խնդրին կտան լուծում: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, այդ քննադատությունը պետք է վերաբերի նրանց, իսկ օրինական ճանապարհով, ովքեր այս երկրում բիզնես են ծավալել, իրենք աշխատում են հարկերը վճարելով և ունեն շահ՝ դա նորմալ եմ համարում»,- ասաց Աբրահամյանը: