Անկանխատեսելի բան չկար, իշխանությունները կատարեցին այն, ինչ կատարում են տարիներ շարունակ՝ ընտրակաշառքի բաժանում, կարուսելներ, ճնշումներ պետական հիմնարկների աշխատողների վրա և այլն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսաակցության անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը։
«Ոչ մի բան չի փոխվել։ Իշխանություններն արեցին այն, ինչ անում են։ Նրանց ցանկությունն էր պահել իրենց իշխանությունը։ Մենք պաշտպանել ենք մեր քվեն, բայց դա չի նշանակում, որ ընտրակեղծքիներ չեն եղել։ 10-50 հազար դրամի ընտրակաշառք են բաժանել։ Տարիներ շարունակ կեղեքել են հրազդանցիներին, հիմա էլ բաժանում են, որ հետո նորից հավաքեն»,- ասաց Միքայելյանը։
Նա նշեց՝ եթե Արամ Դանիելյանը 4-5 տարի էլ մնա քաղաքապետի աթոռին, «Հրազդանից բան չի մնա»։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ շուտով բողոքողները կլինեն նրանք, ովքեր գումար են վերցրել և ձայն տվել Արամ Դանիելյանին։ Ընտրություններին կային բուլկիներ, սնիկերսներ, կորժիկներ, ոնց կարող էին չլինել»,- հեգնեց Սասուն Միքայելյանը և հավելեց՝ իրենց հիմնական նպատակը եղել է արդար, ազատ ընտրությունների անցկացումը։
Միքայելյանը շեշտեց՝ ինքը քաղաքականությունից դուրս չի գալու, չի հուսահատվել. «Պայքարելու ենք Հրազդանում։ Կուսակցությունով որոշել ենք խումբ ձևավորել, որը կզբաղվի Հրազդանի քաղաքապետի գործունեության վերահսկողությամբ։ Փողոցներ ենք փակելու, միտինգներ ենք անելու, եթե նա իր խոստումները չկատարի։ Մենք վերահսկելու ենք Արամ Դանիելյանի գործունեությունը»։