Ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ «Ոգեկոչում արվեստի շնչով»:

 

 

Միջոցառմանը կմասնակցեն՝ «Փարոս» երգչախումբը, «Նարեկացի» նվագախումբը, «Նարեկ» երգչախումբը, «Նովա» համույթը և մենակատար Սոֆա Բաղդասարյանը:

 

 

Հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ ջութակահար, «Գինեսի» համաշխարհային ռեկորդների գրքում ներառվելու հավակնորդ Նիկոլայ Մադոյանը:

 

 

Նույն օրը տեղի կունենա նաև բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացում:

 

 

«Քարացած ժամանակ». այսպես է կոչվում Հայկ Մելքոնյանի լուսանկարների շարքը, ով ձեզ կներկայացնի պատմական Հայաստանի բոլոր ժամանակների մշակութային կոթողները այնպես, ինչպես մենք հաճախ չենք տեսնում:

 

 

Լուսանկարչի հիմնական նպատակն է ներկայացնել իրականության բացառիկ գեղեցկությունը, արթնացնել հետաքրքրություն Հայաստանի հանդեպ, որ ցանկություն արթնանա դիտողի մոտ սեփական աչքերով տեսնեն այն վայրերը, որոնք լուսանկարներում են պատկերված, զգան քարի ջերմությունն ու վարակվեն նրանցով:

 

 

Տարվա եղանակների բազմազանություն, բազմաթիվ հուշարձաններ, պատմական տարբեր շրջաններ, օրիգինալ մշակույթ. ամեն ինչ այստեղ կապված է քարերի հետ: