Երկրին վտանգ սպառնացող իրավիճակում քաղաքական ուժերի համախմբումը փաստորեն երկար չտևեց, նորից գլուխ բարձրացրին տարաձայնություններն Ընտրական օրենսգրքի շուրջ, նորից դժգոհություններ և վերջում էլ, ինչպես և սպասվում էր, Ընտրական օրենսգիրքն ընդունվեց:
Այսինքն, կընդունվեր ամեն դեպքում, քանի որ ՀՀԿ-ն կողմ էր և ՀՀԿ-ն ինքն իրենով մեծամասնություն է: Սակայն, հետաքրքիրն այն էր, որ Ընտրական օրենսգիրքի նախագծին ԱԺ-ում կողմ քվեարկեց 98 պատգամավոր, այսինքն' ոչ միայն ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որովհետև ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ունի 70, իսկ ՀՅԴ-ն' 5 պատգամավոր:
Դեմ քվերակեցին ընդամենը 9 պատգամավոր, բայց մինչ այդ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ էին արտահայտվում Ընտրական օրենսգրքի նախագծին, Նաիրա Զոհրաբյանը հատկապես բավականին ակտիվ էր այդ հարցում, դեմ էին արտահայտվում նաև ԲՀԿ-ից դուրս եկած և «Համախմբում» կուսակցության մեջ մտած 4 պատգամավորները' Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը:
Իսկ ԲՀԿ խմբակցությունում կա 33 պատգամավոր, այդ դեպքում ինչու՞ արդյունքում նրանք դեմ չքվեարկեցին, մի՞թե Նաիրա Զոհրաբյանը, որպես ղեկավար, չկարողացավ իր կուսակիցների վրա ազդել…:
Ինչևէ, Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունված է և փաստացի ընդունված է ոչ միայն ՀՀԿ-ի, այլ պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից, հետևաբար այստեղ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի' ինչ-որ բողոքներով հանդես գալը և հայտարարելը, թե իբրև ԸՕ նախագիծն ընդունվել է կանոնակարգի խախտմամբ, մեղմ ասած, տեղին չէր: Նախագիծը ընդունվել է, ընդ որում' մեծամասնության կողմից, և կարծում եմ` հիմա ժամանակը չէ ոչ ադեկվատ դրսևորումների: Մեր ընդդիմադիր ուժերը նաև պետք է սովորեն տեղն եկած ժամանակ իրենց պարտությունն ընդունել:
Կարեն Վարդանյան