Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է այդ երկրում առկա քաղաքական բանտարկյալների նոր ցուցակը, որում նշված է 103 անուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, նոր ցուցակից հանվել են մարտի 17-ին ներում շնորհված 14 քաղբանտարկյալների, ինչպես նաև ևս 6 մարդկանց անունները (Ռաուֆ Միրքադիրով, Ինթիգամ Ալիև, Նազիմ Աղաբեյով և այլք), որոնց պատժաչափերը փոխվել են պայմանական պատիժով:
Նոր ցուցակում նշված է 8 լրագրողի և բլոգերի անուն' Աբդուլ Աբիլով, Նիջաթ Ալիև, Խադիջա Իսմայիլովա, Սեյմուր Հազի, Արազ Գուլիև, Թոֆիգ Հասանով, Ֆարաջ Քերիմով և Ռաշադ Ռամազանով:
Բացի այդ, ցուցակում նշված են իրավապաշտպան-փաստաբան Ալիաբբաս Ռուստամովի, երիտասարդ ակտիվիստ, NIDA-ի անդամ Իլքին Ռուստամզադեի, ընդդիմադիր ակտիվիստներ Իլգար Մամեդովի, Ֆուադ Գահրամանլըի, Մամեդ Իբրահիմի, Ասիֆ Յուսիֆլիի, Գադիր Խուդաբախշիևի, Էլվին Աբդուլլաևի, Զեյնալաբդին Բաղիրզադեի և Նազիմ Մահմուդովի անունները:
Ցուցակում ներառվել են նաև հավատացյալների մեծ խումբ, որը բաժանվում է մի քանի ենթախմբերի. «Սաիդ Դադաշբեյլիի գործով» դատապարտվածներ, Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի գործով դատապարտվածներ, այսպես կոչված «Հիջաբի բանտարկյալներ», Մասալլըի ցույցերի բանտարկյալներ, նուրսիստներ (իսլամի աղանդ), աստվածաբաններ և այլն:
Բացի այդ, ցուցակում նշված են ցմահ դատապարտված նախկին օմոնականներ Էլչին Ամիրասլանովի, Արիֆ Քազիմովի, Սաֆա Փոլադովի անունները, ինչպես նաև նախկին նախարարներ Ալի Ինսանովի, Նիջազթ Գուլիևի և այլոց անուններ:
Եվս 25 նոր անուններ, դրանք վերջին «Նարդարանյան իրադարձություններով» մեղադրյալներն են:
Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը գործակալությանը պարզաբանել է, որ վերջինները ցուցակ են մտցվել նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի «խոշտանգումների արգելք», «արդարացի դատական հետաքննության իրավունք», «մտքի, խղճի, կրոնի ազատություն» և այլ հոդվածների հետ կապված:
«Իրականում այդ գործով ավելի շատ կալանավորվածներ կան: Մենք ցուցակում ներառել ենք նրանց, որոնց գործերով մենք տեղեկություններ ունենք», -ասել է Հասանովը: