Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ իշխանությունների այս քայլը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Արդյոք ճիշտն ժամանա՞կն է նման քայլ կատարելու, ի՞նչ կտա ճանաչումն Արցախին ու Հայաստանին։ Այս և այլ հարցերի վերաբերյալԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը բավական հետաքրքիր տեսակետ հայտնեց։

 

- Պարո՛ն Բադասյան, Արցախի ճանաչման վերաբերյալ ՀՀ իշխանությունների այս քայլն ինչպե՞ս կմեկաբանեք։ Ճիշտ ժամանա՞կն էր նման քայլ կատարելու։


- Ես դա ողջունում եմ։ Ղարաբաղի ճանաչման հարցը Հայասատանի կողմից վաղուց պետք է լիներ։ Դա պետք էր այն ժամանակ անել, երբ Ադրբեջանն սկսեց ինտեսիվ կերպով իրավիճակը բերել պատերազմի։ Եվ մեր թիվ մեկ երաշխիքը Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն էր։ Վաղուց էր պետք։ Ես չեմ ուզում երեսով տալ Հայաստանի քաղաքական վերնախավին, բայց «Ժառանգության» կողմից երբ հարցը դրվել էր, չգիտես՝ ինչու հետ մղեցին։ Ես չեմ ասում, թե դա դավաճանություն էր, բայց, մեղմ ասած, հայրենասիրություն չէր։ Հայակենտրոն չլինելու, թայֆայական դրսևորում էր։ Այն ժամանակվա Արցախի խորհրդարանում, բացի ինձանից և Վիտալի Բալասանյանից, մնացած բոլորը կտրուկ դեմ էին, բայց չցանկացա արտահայտվել, կուլիսների հետևում խոսեցին։ Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունն այսօր ևս Արցախի խորհրդարանում պատգամավոր են, և Արցախի այսօրվա խորհրդարան այսօր գոյություն չունի։ Ես Արցախի խորհրդարանին կոչ կանեի իրեն հավաքել։ Իսկ այս օրինագծի հեղինակներին ես իմ աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում։ Որպես արցախցի՝ ուզում եմ քաջալերել նրանց։ Մյուս պատգամավորներին հորդորում եք գտնվել գոնե հայրենասեր։

 

- Կարծիք է հնչում, որ այս նախագիծը մարտահրավեր է՝ ուղղված Ադրբեջանին և նոր լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ կարող է լինել։


- Սա վախկոտ մարդկանց դրսևորում է։ Քանի որ վախկոտ մարդիկ միշտ եղել են իշխանության ղեկին, միշտ այդպես են ասում։ 1991 թվականին, երբ Սովետական միությունը պետք է փլուզվեր, բոլորը գիտեին, որ պատերազմ էր լինելու։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Կոմունիստական ղեկավարությունն ասում էր՝ եկեք զիջենք, չկրակենք, եթե կրակենք, դրանով կկատաղեցնենք Ադրբեջանին։ Սա ցինիզմ է ուղղակի, վախկոտության ցինիզմ։ Հիմա նույնպես այդ վախկոտ ցինիկերը գոյություն ունեն մեր իշխանության մեջ, քաղաքական վերնախավում, նույնիսկ ռազմական վերնախավում։ Սա ծիծաղելի է, այդ մարդիկ ավելորդություններ են։

 

Տեսեք՝ Հերմինե Նաղդալյանի այդ հայտարարությունը գիտե՞ք՝ ինչ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում։ Երբ Ադրբեջանն սկսել էր ռազմական գործողությունները, Ադրբեջանում ուժեղ խուճապ էր, իրենց զոհերի քանակից խուճապի էին մատնվել, բայց Հերմինե Նաղդալյանի ելույթը նրանց ոգևորել է և սկսել են 21-25 տարեկաններին զորակոչել և ասում են՝ «արխային եկեք, հայերը հանձնում են, հայերը վախում են ու հանձնում, մի հատ էլ հուպ տանք, զոհեր տանք և Ղարաբաղը կվերցնենք»։ Եթե նման հայտարարություններ անողը նախագահի մտերիմ շրջապատից է, ապա սա դավաճանություն չեմ համարում, այլ պետք է իմանալ՝ այս մարդիկ երբեք ժողովրդի հետ չեն եղել։ Այս մարդիկ միշտ եղել են թուրքերի կողմից, հիմա էլ մնացել են թուրքերի կողմը։ Այդ մարդկանց պետք է հակառակորդներ անվանել։ ԱԺ-ում, կառավարությունում նման շատերը կան։ Ովքեր վիլլաներով ֆռֆռում են արտասահմանում, հայրենիքով չեն ապրում, ես այդ մարդկանց անվանում եմ հակառակորդներ։ Իսկ մնացածերը, ովքեր չունեն այդ կարողությունն ու վիլանները, ապա նրանց սպասավորներն են։ Օրինակ՝ Դաշնակցությունը, ՀԱԿ-ի որոշ պատգամավորներ, ԲՀԿ-ից գրեթե բոլորը։ Մենք այսօր ունենք հրաշալի բանակ, հրաշալի ժողովուրդ, կազմակերպվածություն, բայց չունեք նորմալ վերնախավ։ Ես՝ որպես ընդդիմադիր, կառուցողական եմ տրամադրված։ Կոչ եմ անում համախմբվածության, վախկոտները թող մի կողմ գնան, մենք մեր ազգային ներուժով անենք այն ամենն, ինչը հայանպաստ է։ Այո, Հայաստանը պետք է ճանաչի Արցախը, Արցախը համարձակորեն պետք է միանա Հայաստանին։ Մենք պետք է դառնանք մի բռունցք, մեկ ազգ, մեկ պետություն, մեկ հզոր բանակ և պատերազմը վերջացնենք։


- Պարո՛ն Բադասյան, այն տեսակետը, թե արցախցիները համաձայն չեն Հայաստանին միանալ, արդյոք արհեստականորեն չի՞ սերմանվում։


- Մեր վերջնական նպատակը մեկ պետություն կազմելն է, մեկ Հայաստան կազմելը։ Իսկ Արցախը Հայաստանն է, Արցախը Հայաստանի անբաժան մասն է։ Ես չեմ տեսել ժողովրդի մեջ նման տրամադրվածություն։ Ժողովրդի մեջ կա տրամադրություն՝ լինել մեկ հզոր ազգ, պետություն, ոչ թե երկու առանձին պետություն։ Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կողմ են, որ լինի երկու առանձին պետություն, ապա դա միայն անձնական շահ է։ Ազգային շահը միանշանակ ասում է՝ մենք պետք է լինենք մեկ պետության մեջ։

 

- Այնուամենայիվ, ի՞նչ եք կարծում, Հայաստանն այս փուլում կճանաչի՞ Արցախի անկախությունը։


- Ինչպես ճիպոտով հարվածեցին, մտան ԵՏՄ, ինչպես ճիպոտով տարբեր հակազգային օրենքեր են ընդունում, այնպես էլ հիմա պետք է արվի։ Եթե կառավարությունն ընդունի, Ազգային ժողովը ևս կընդունի։

 

- Համաձա՞յն եք այն տեսակետին, որ Արցախի ճանաչումով Սերժ Սարգսյանն իր վրայից փորձում է հանել հողեր հանձնողի, ապա Ղարաբաղը հաձնողի խարանը։


- Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այսքան ժամանակ ինչ սխալ արել է, պետք է թողնենք մի կողմ։ Սխալները միայն իրրենից չի եկել, այլ առաջին, երկրորդ նախագահներից, որ սկսել են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները հանձնել Ռուսաստանին։ Սերժ Սարգսյանը պարզապես եկել է այն եզրափակելու և որոշ ընդհուպ մինչև ինքնիշխանությունը հանձնելու։ Հիմա Սերժ Սարգսյանը ռեալ հնարավորություն ունի իր սխալները շտկելու, որովհետև ինքը ունի ոչ թե իր կեղտոտ շրջապատի աջակցությունը, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի։ Նա պետք է համարձակ կատարի այն բոլոր քայլերը, որոնք կբերեն խաղաղության։ Նա բոլոր նախադրյալներն ունի։ Ունի ժողովրդի համախմբվածությունը, բանակի ստորին, միջին ու վերին հրամանատարական կազմի աջակցությունը, քաղաքական ընդդիմության աջակցությունը և անտարբեր սփյուռքը։ Ինչո՞ւ եմ ասում անտարբեր սփյուռք, որովհետև անտարբեր էր այս սխալների նկատմամբ, իսկ հիմա ոգևորված կկանգնի նման նախագահի կողքին։ Մի բան էլ ավելացնեմ՝ այսօր Ռուսաստանը նպատակ չունի Ղարաբաղը հանձնել, այլ նպատակ ունի Ադրբեջանին և Հայաստանին ենթարկեցնելու, Հարավային Կովկասում իր պլացդարմը կառուցելու։


Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի