Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ալվարդ Առաքելյանը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել Չարենցավան քաղաքի բնակիչ Նվեր Սահակյանի հետ:

 

Դրանից հետո, 2014թ. հոկտեմբեր ամսվա վերջերին Ալվարդ Առաքելյանը, ըստ մեղադրական եզրակացության, մոր՝ Գայանե Գևորգյանի հետ միասին, նախնական համաձայնությամբ, Նվեր Սահակյանին են ներկայացրել այդ հարաբերությունները հավաստող տեսաձայնագրությունները և սպառնալով, որ կհրապարակվեն նրան արատավորող այդ նյութերը, նրանից և որդուց՝ Գառնիկ Սահակյանից պահանջել ու 2014թ. հոկտեմբերի 31-ին ստացել են 800 000 դրամ կանխիկ գումար, որի դիմաց Ալվարդ Առաքելյանը գրավոր պարտավորություն է տվել ոչնչացնել տեսանկարահանումները:

 

Վերը նշվածից բացի, համաձայն քր. գործի նյութերի, Ալվարդ Առաքելյանը ընկերուհու՝ Լուսինե Միքայելյանի հետ միասին, նախնական համաձայնությամբ և նույն քաղաքի բնակիչ Գոռ Գինոսյանի օժանդակությամբ, 2015թ. հունիսի սկզբներին Նվեր Սահակյանին արատավորող նույն տեսաձայնագրությունները հրապարակելու և նրան խայտառակելու սպառնալիքով Նվեր Սահակյանի որդուն՝ Գառնիկ Սահակյանին են ներկայացրել Գոռ Գինոսյանի թելադրանքով գրված նամակը՝ Նվեր Սահակյանին արատավորող տեղեկությունների չհրապարակման համար 20 000 դոլար գումարի պահանջի մասին:

 

Վերը նշված արարքների համար Ալվարդ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերի և 3-րդ մասի 2-րդ կետի, Գայանե Գևորգյանին'182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերի, Գոռ Գինոսյանին' 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, Լուսինե Միքայելյանին' 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, Ալվարդ Առաքելյանի և Գայանե Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: