Ադրբեջանում առաջին անգամ պղծել են Բաքվում կենտրոնական բանկի դիմացի այգում Հեյդար Ալիևի արձանը, մայիսի 10-ին նրա ծննդյան օրը շնորհավորելով «Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ» ադրբեջաներեն գրությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:
2004 թվականից սկսած' կրտսեր Ալիևի նախաձեռնությամբ ամեն մայիսի 10-ին Ադրբեջանում տոնում են «համազգային առաջնորդ» Ալիև ավագի ծննդյան օրը, որը հայտարարվել է Ծաղկի տոն:
Meydan TV-ն հայտնում է, որ անհայտ անձինք ադրբեջաներեն «Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ» գրության մեջ փոխելով ընդամենը երկու տառ, նրան տվել են «Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ» իմաստ:
Կայքը հայտնում է, որ 15 տարի անընդմեջ Ադրբեջանը տարեկան մոտ 60-70 մլն դոլար էր ծախսում «համազգային առաջնորդ» և «ազգի փրկիչ» Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առթիվ քաղաքների, հատկապես Բաքվի հրապարակներն ու այգիները արտասահմանից բերված ծաղիկներով զարդարելու վրա, և այդ «ժանտախտի ժամանակ խրախճանքը» միանշանակ չէր ընդունվում աղքատության և սովի մեջ գտնվող ադրբեջանական հասարակությունում:
Տոնն ավանդաբար սկսվում է Հեյդար Ալիևի անունը կրող այգի Ալիևների ընտանիքի այցելությամբ, որից հետո միայն այն այցելում են արտասահմանցի հյուրերը և քաղաքացիները, գրում է կայքը և տարակուսանք հայտնում, թե հայտնի չէ, ինչու են նման գրություն թողած անհայտ անձինք ընտրել հենց այդ այգում գտնվող Հեյդար Ալիևի արձանը, երբ Բաքվի գրեթե բոլոր տեսարժան վայրերն անվանված են նրա անունով:
«Իլհամ Ալիևը դաժան ավտորիտար առաջնորդ է, հայտնի' ընտրությունների իր կեղծումներով, քաղաքացիական ազատությունների ճնշումներով, լրագրողների, ընդդիմադիրների քաղաքացիական ակտիվիստների հետապնդումներով, երկրում ընդդիմության և քաղաքացիական հասարակության գործնականում ճնշմամբ, ով ակտիվորեն պրոպագանդում է իր հոր անձի պաշտամունքը:
Ադրբեջանի բոլոր շրջաններում Հեյդար Ալիևի անվան այգիներ են գցվել, որոնցում տեղադրված են նրա արձանները, բացվել են Հեյդար Ալիևի թանգարաններ, դպրոցական դասագրքերում բաժիններ կան Հեյդար Ալիևի «մեծ ժառանգության» մասին, ով փրկել է երկիրը: Յուրաքանչյուր չինովնիկ, այդ թվում' Իլհամ Ալիևը որևէ շրջան այցելելիս, անպայման այցելում են նրա հուշարձանին, հրապարակային ելույթներում անպայման ցիտում նախկին նախագահին, գովում նրան և նրա որդուն' Իլհամին և այլ շողոքորթություններ արտահայտում ու ստորանում:
Իր հոր պատվին Իլհամ Ալիևի հորինած տոնը հանդիսանում է Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի ստեղծման և ամրապնդման միջոցառումների համալիրի մասը, և հենց այդ պատճառով այն առաջացնում է այլախոհների բացասական արձագանքը:
Տոնից երեք օր հետո քաղաքացիներին թույլատրվում է վերցնել օգտագործված ծաղիկները, սկսվում է հրմշտոց, հանուն մնացորդների հասարակ ժողովրդի տուրուդմփոց, ինչը սրտաճմլիկ տեսարան է ներկայացնում: Հենց այդ տուրուդմփոցի պատճառով Ծաղկի տոնը սկսել են անվանել «Ստրուկների տոն»,- ընգծում է կայքը, և զարմանք հայտնում. «Նախկինում նման գրության ի հայտ գալը արձանի վրա անհնար էր պատկերացնել: Միթե՞ ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ինչ- որ բան փոխվել»: