ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 17-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերի ու Հասան Բուրգուջօղլուի հետ:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով գերմանացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունները, ինչպես նաև Գերմանիայի աջակցությունը մեր երկրին: Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ և նշել, որ որպես այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչներ՝ նրանք կարող են ամեն ինչ տեսնել իրենց աչքով:

 

 

Անդրադառնալով ապրիլի սկզբում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարված իրադարձություններին և ծանոթացնելով հյուրերին այդ օրերի վայրագությունները փաստող նյութերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Տեղյակ եք, որ այդ օրերին ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ոչ միայն զինվորականներ, այլև խաղաղ բնակիչներ: Կարծում եմ՝ բոլորս պիտի սա դատապարտենք: Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, և միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մեր նպատակն է խաղաղ ճանապարհով հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»:

 

 

Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի քննարկմանը՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ միայն ճանաչելով և կանխարգելելով է հնարավոր փակել նոր ցեղասպանությունների իրագործման ճանապարհը:

 

 

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն իր խոսքում նշել է, որ իր կուսակցությունը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման, այլև Գերմանիայի՝ այդ հարցում պատասխանատվության վերհանման համար: Նա նշել է, որ իրենք աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը: