Ադրբեջանում խիստ անհանգստացած են սահմանակից Դաղստանի Դերբենդ քաղաքում հաճախ տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների Ադրբեջան թափանցելու մեծ հավանականությամբ, որոնց մեծ մասի պատասխանատվությունն ստանձնում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը, և այն բանով, որ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանում զբոսաշրջիկների համար «կանաչ միջանցք» է ստեղծվում, ինչի շնորհիվ ԻՊ-ի ահաբեկիչների Ադրբեջան թափանցումն ավելի կհեշտանա:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական echo.az լրատվական կայքը:

 

 

Կայքը մեջբերում է անվտանգության գծով փորձագետ, Trend գործակալության փոխտնօրեն Արզու Նագիևի հետևյալ համոզմունքը. «Եթե ԻՊ-ի ահաբեկիչներն այսօր ամրապնդվել են Հյուսիսային Կովկասում, ապա չի բացառվում, որ վաղը նրանք կհայտնվեն Ադրբեջանում' Դաղստանի հետ սահմանակից շրջաններում: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանի անվտանգության սպառնալիքներից են հանդիսանում հենց արմատապես տրամադրված իսլամիստական կազմակերպությունները»:

 

 

Արզու Նագիևը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքացիները մեկնում են Սիրիա կռվելու ԻՊ-ի շարքերում, հետո վերադառնում հայրենիք:

 

 

Կայքը հիշեցնում է այս տարվա սկզբին Ադրբեջանն ու Դաղստանը միացնող «Կավկազ» մայրուղում Դերբենդի շրջանի «Ջիմքենդսկի» ճանապարհա-պարեկային ծառայության պահակակետում ծագումով ադրբեջանցի 23-ամյա Ադմիր Թալիբովի կողմից սեփական ավտոմեքենայում տեղադրված 30 կգ պայթուցիկի պայթեման արդյունքում 18 մարդկանց վիրավորվելու փաստը: Այդ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԻՊ-ն:

 

 

2015 թվականի հունիսին ԻՊ-ն ընդունել է «Իմարաթ Կավկազ» զինված խմբավորման մարտիկների հավատարմության երդումը' Հյուսիսային Կովկասը հայտարարելով իր նահանգներից մեկը:

 

 

«Այդ իմաստով միանգամայն միանշանակ չի երևում Դաղստանի զբոսաշրջության նախարար Մագոմեդ Իսաևի հայտարարությունն այն մասին, որ Դաղստանի իշխանությունները ճանապարհային քարտեզ են մշակում ռուս-ադրբեջանական սահմանում զբոսաշրջիկների մուտքի և ելքի համար խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, ծրագրվում է Մախաչկալայից Բաքու ավիաչվերթներ կազմակերպել և էքսպրես-գնացքներ գործարկել»,- գրում է կայքը՝ նշելով, որ այդ միջանցքի իրագործման ուղղությամբ արդեն աշխատանքներ են սկսվել Դաղստանի և Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունների միջև:

 

 

«Միանգամայն հավանական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանում զբոսաշրջիկների համար այսպես կոչված «կանաչ միջանցքի» ստեղծումից հետո ԻՊ-ի ահաբեկիչներին շատ ավելի հեշտ կլինի Ադրբեջան թափանցելը: ԻՊ-ն արդեն տարածել է իր ապագա պետության քարտեզը, որում ծրագրում է ներառել նաև Ադրբեջանը, ինչի մասին հայտնել էր բրիտանական Intetnational Business Times հրատարակությունը»,- գրում է կայքը:

 

 

Ադրբեջանում ԻՊ-ի գաղափարախոսության՝ վահաբիզմի տարածման պատճառներին անդրադարձում իրանական AhlulBayt պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ այդ երկրում մուսուլման հավատացյալների 85 տոկոսը իսլամի շիա ուղղության հետևորդներ են, ինչը, սակայն, խոչընդոտ չէ այն բանին, որ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և որոշ արաբական երկրների ֆինանսական օգնությամբ վահաբիական շարժումն Ադրբեջանում նոր թափ ստանա:

 

 

«Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանում վահաբիները կարողացել են անգամ պետական չինովնիկների, խորհրդարանի անդամների և, հատկապես, մամուլի ակտվիստների հետ մոտեցման ուղիներ գտնել: Չնայած այն բանին, որ հիշյալ անձինք վահաբիական հայացքներ չունեն, նրանք պաշտպանում են վահաբիական կենտրոնների շահերը (առաջին հերթին' Սաուդյան Արաբիայի):

 

 

Ըստ պարբերականի' Ադրբեջանում վահաբիզմն ավելի շատ կենտրոնացած է երկրի հյուսիային շրջաններում, Սումգայիթում և Բաքվում:

 

 

AhlulBayt-ը գրել էր, թե տվյալներ կան, որ մինչև 1000 վահաբի մարտիկներ Ադրբեջանից մեկնել են կռվելու Սիրիա, որտեղ նրանք անգամ Ադրբեջանի վահաբիների միություն են ստեղծել:

 

 

Անդրադառնալով Ադրբեջանի համար սպառնալիքների՝ AhlulBayt-ի վերլուծաբանները նշել էին, որ գոյություն ունի սիրիական ճակատամարտերից մեծ թվով ադրբեջանական մարտիկների վերադարձի լուրջ վտանգ:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Սիրիայում ներկայումս ահաբեկչական խմբավորումների կազմում 3000-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ են կռվում, իսկ Սիրիայում ներքին պատերազմի սկզբից մինչ այժմ արդեն 500-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ ոչնչացվել են: