«Մորմոններ» աղանդի (պաշտոնական անվանումը' «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի») հիմնադիր Ջոզեֆ Սմիթը, ինչպես հայտնի է, ունեցել է քրեական անցյալ, մասնավորապես' 1826 թ. դատվել է խաբեությամբ փող կորզելու համար: Հիշենք նաև, թե նա ընդհանրապես ով է եղել: Բարձրագույն կրթություն չի ստացել, գրել է միայն շատ պարզունակ դարձվածքներ, այն էլ' կոպիտ սխալներով, կարողացել է կարդալ շատ մեծ դժվարությամբ: Ժամանակակիցները Ջ. Սմիթի ընտանիքը բնորոշել են այնպիսի բարոյական հատկանիշներից զուրկ, որոնցով սովորաբար արժանանում են հասարակության վստահությանը:

 

 

 Մեր երկրի ամենատարբեր ոլորտներ ներթափանցած մորմոնները փորձում են թափանցել կամ գուցե արդեն մտել են նաև ուժային կառույցներ



Միաժամանակ նկատի ունենանք, որ աղանդավորական կազմակերպությունների շարքում մորմոնների կառույցը կարգապահության և այլ առումներով ամենալուրջն է կամ առավել լուրջ կազմակերպություններից մեկը: Այս առումով թերևս բավական է ասել, որ մեծ թվով մորմոններ աշխատում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունում, Հետաքննությունների դաշնային բյուրոյում, զինված ուժերում, տեղական վարչություններում և դաշնային կառավարությունում, այդ թվում' դիվանագիտական ծառայության մեջ և այլուր: Հայտնի փաստ է, որ Ջորջ Բուշ ավագի կառավարության կազմում ազգային անվտանգության գծով նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր մորմոն Բրենտ Սքոուքրոֆթը:

 

 

Մորմոնները զանազան բարեգործություններ իրականացնելու շիրմայի տակ Հայաստան մուտք գործեցին 1988 թ. հետո, երբ դեկտեմբերյան երկրաշարժին հաջորդած ժամանակաշրջանում հատկապես աղետի գոտում վիճակը ծանր էր, այսինքն' օգտվեցին առիթից: Իբրև կրոնկան կազմակերպություն, մորմոնները ՀՀ-ում գրանցվել են 1992 թ., կենտրոններ ունեն Երևանում (առնվազն 5 կենտրոն), Աշտարակում (1 կենտրոն), Գյումրիում (1 կենտրոն), Վեդիում (1 կենտրոն): Հայկական մորմոնական համայնքը մտնում է Արևելյան Եվրոպայի Սյան մեջ (կենտրոնը Մոսկվայում է), գուցե ուրիշ կենտրոններ էլ ունեն, որոնց մասին չգիտենք: Հայաստանում, համաձայն իրենց 2002 թ. տվյալների, ունեն մոտ 1200 անդամ, որոնցից մոտ 20-ը եղել են մորմոնական տաճարում: Մորմոնները պատճառաբանում են, թե «Տիրոջ տուն» տաճարների սուրբ լինելու պատճառով միայն իրենց «եկեղեցու» արժանի անդամները կարող են մտնել տաճար: Որպեսզի «եկեղեցու» անդամը մտնի տաճար, ըստ մորմոնների, նա պետք է պահի իր հավատքի հիմնական սկզբունքները և երկու տարին մեկ անգամ այդ փաստը հաստատի տեղի ղեկավարներին:

 

 

Ներկայանալով իբրև իբրև «լույս» ու «փրկություն» տարածողներ, աղանդները, հատկապես քայքայիչ, ինչպես նաև ամբողջատիրական աղանդները, որոնցից մեկն էլ մորմոնների կազմակերպությունն է, ինչպես երեկ, այսօր նույնպես շարունակում են իրենց հոգեկործան, հակաքրիստոնեական և ապազգային գաղափարների տարածումը: Նրանք արդեն իսկ ներթափանցել են մեր երկրի ամենատարբեր ոլորտներ, այդ թվում նաև' պետական տարբեր հաստատություններ: Կան որոշ տեղեկություններ, որոնց համաձայն, նշված աղանդավորական կազմակերպությունները վերջին շրջանում իրենց համար արդիական խնդիր են դարձրել երկրի ուժային կառույցներ թափանցելը: Ինչպես Եհովայի վկաները, մորմոնները նույնպես իրենց աղանդավորական կազմակերպությունը և գաղափարախոսությունը ներկայացնում են իբրև միակ ճշմարիտը:

 

 

Առաջանալով և զարգանալով ԱՄՆ-ում 19-րդ դարի առաջին կեսին, այս կազմակերպությունն ի սկզբանե դեմ է գնացել Ուղղափառ եկեղեցու վարդապետությանը, կանոնադրությանը, աշխարհընկալմանը, բարոյական չափանիշներին, շեղվել է ճշմարիտ հավատքից: Նրանք Աստվածաշունչը փոխարինել են իրենց' Մորմոնի գրքով, ուր Ջոզեֆ Սմիթի զառանցական հայտնություններն ու սին գաղափարներն են: Չնայած աղանդավորական կազմակերպության պաշտոնական անվանման մեջ «Հիսուս Քրիստոս» հատուկ անվան առկայությանը, նրանց «կրոնն» իրականում չափազանց հեռու է քրիստոնեությունից:

 

 

Մորմոններին բնորոշ է հետխորհրդային և այլ երկրների վերաբերյալ կարևոր տեղեկությունների հավաքագրումը և Արևմուտքի հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը: 90-ական թվականներին Հայաստանի արխիվային վարչությունից նրանց հանած տեղեկությունների հետ կապված սկանդալը դեռ չի մոռացվել: Կան տեղեկություններ, որ նրանք այն տարիներին ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ են կորզել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի արխիվային հաստատություններից:

 

 

 Իսկ հայաստանյան մորմոններն ունե՞ն իրենց պատժիչ խումբը' «Դանակներ» ջոկատ կամ դրա նման մի բան



Թե Հայաստանը, հանձին մեր երկիր ներթափանցած մորմոնների և նրանց կազմակերպության, ինչ լուրջ մարտահրավերի և վտանգի առաջ է կանգնած, կարելի է պատկերացում կազմել ծանոթանալով Դավիթաշենի Սրբոց նահատակաց եկեղեցու հրապարակած այս տեղեկատվությանը.

 

 

««Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» այժմ ներկայանում է նաև որպես հզոր ֆինանսական կայսրություն (նրա կապիտալն անցնում է 30 միլիարդ դոլարը): Այս կարողության հիմնական աղբյուրն իր հետևորդների կողմից պարտադիր կերպով ամսական վճարվող տասանորդն է, որն ընդունվել է 1838 թ. «աստվածային պատվիրանով»: Որոշ գնահատականների համաձայն, «տասանորդը» տարեկան տալիս է 2,5-4,3 մլրդ. դոլար եկամուտ: Նրանք ունեն նաև այլ տուրքեր, ըստ որոշ տեղեկությունների, միջին մորմոնը տալիս է իր եկամտի մինչև 27%-ը: Այս միջոցներն օգտագործվում են «եկեղեցական» շինարարության, սոցիալական և տնտեսական ծրագրերի, կապիտալ ներդրումների իրականացման համար:

 

 

Հսկայական եկամուտ է բերում նաև մորմոնական առևտրային գործունեությունը: Մորմոնական աղանդին են պատկանում ավելի քան 100 առևտրային ընկերություններ (սա դեռ միայն ԱՄՆ-ում.- Ա. Հ.): Նրանց են պատկանում Յուտա նահանգի մեծ մասը, նշանակալի չափերի հողատարածքներ, «Մարիոթ» հյուրանոցային ցանցը, ապահովագրական ընկերություններ, շաքարային կայսրությունը, սուպերմարքեթների ցանցեր, հրատարակչական կենտրոններ, գործարաններ: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում ԶԼՄ-ների վրա. տիրապետում են որոշ թերթերի, 11 ռադիոկայանների, 2 հեռուստակայանների: Այս ամենը, գաղափարական ազդեցության հետ մեկտեղ, նրանց տարեկան 300 մլն. դոլար եկամուտ է բերում: Մոտավոր տվյալներով նրանք այսօր ունեն 50.000 գործունյա անդամներ, որոնք զբաղվում են միայն ավետարանչությամբ (այսինքն' մորմոնականության տարածմամբ): Մորմոնների ընդհանուր թիվը 1994 թ. տվյալներով կազմել է 6 միլիոն, իսկ 2002 թ. տվյալներով աշխարհի 130 երկրներում մորմոնների թիվը հասնում է 10 միլիոնի:
Մորմոնական աղանդի համար գոյություն չունեն ազգային մշակույթ, ազգային մտածողություն հասկացությունները: Նրանց համար ամենակարևորը «Մորմոնի գիրքն» է: Ով չի ընդունում այն և հետևում դրան, համարվում է հեթանոս:

 

 

Մորմոնական աղանդի ներքին ամբողջական կառուցվածքը մինչև օրս էլ հայտնի չէ աղանդագիտությանը, քանի որ այս կրոնական շարժումը գործում է խիստ գաղտնիության ռեժիմի պայմաններում: Սակայն որոշ բաներ վերջ ի վերջո ի հայտ են եղել: Փաստ է, որ մորմոնների աղանդում գործում է այսպես կոչված «դանակներ» կազմակերպությունը: Վերջինս հիմնադրվել է դեռևս 1839 թ. Ժոզեֆ Սմիթի կողմից և իրականացնում էր պատժիչ գործողություններ ոչ միայն իրենց հետևորդների, այլև նրանց նկատմամբ, ովքեր հանդգնում էին խանգարել կամ դեմ կանգնել մորմոնների գործունեությանը: Հայտնի է, որ 1843 թ. «դանակների» ջոկատն այրում է մի տպարան, ուր տպագրվում էին մորմոնների և Սմիթի դեմ ուղղված նյութեր: Հրդեհի հետևանքով զոհվում են մի քանի աշխատակիցներ:
Մեր օրերում այս կազմակերպությունը հետևում է մորմոնական աղանդի անդամների ապրելակերպին ու գործունեությանը, տասանորդի հավաքագրմանը, վերահսկում իրենց առևտրային ցանցի անխափան աշխատանքը, և անշուշտ, պատժում մորմոնների ներքին կյանքը խաթարողներին ու իրենց դեմ ակտիվ պայքարողներին:

 

 

Իսկ հայաստանյան մորմոններն ունե՞ն իրենց պատժիչ խումբը' «Դանակներ» ջոկատ կամ դրա նման մի բան: Սա մեզ դեռ հայտնի չէ, հուսանք, որ հայտնի է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

 

 


Ինչպե՞ս է այդպիսի վտանգավոր հոգեկան հիվանդը «Հոգեգալստականներ» աղանդի հետևորդների շարքում հայտնվել ու սպանել հավատակցին



«Եհովայի վկաներ» ամբողջատիրական և քայքայիչ աղանդի ու նրա վտանգավորության մասին բազմիցս գրել ենք, այդ թվում նաև' վերջերս (http://lurer.com/?p=222680&l=am, http://lurer.com/?p=222974&l=am ), և սոսկ այդ պատճառով է, որ այս նյութում չենք անդրադառնում հիշյալ աղանդին, սակայն մեզ հայտնի դարձած հանցագործության մի դեպք դրդեց գրել նաև «Հոգեգալստականներ» կոչված աղանդի մասին:

 

 

«Հոգեգալստականներ» աղանդի հետևորդ Ալիկ Ալեքսանդրի Գուրջիևը բնակվել է Արարատի մարզի Սիս գյուղում իր քրոջ' Սուսաննա Գուրջիևի հետ միասին: Նա նորմալ փոխհարաբերություններ է ունեցել գործով տուժող Մասիս-Կայարանի բնակիչ Վաչագան Սարգսյանի հետ, որը նույնպես եղել է «Հոգեգալստականներ» աղանդի հետևորդ:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. նոյեմբերի 8-ին Ալիկ Գուրջիևը և Վաչագան Սարգսյանը գտնվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող վերջինիս տնակում, որտեղ տնակի դիմաց միասին ճաշել են' ուտելով խորոված սունկ, ծիծակ և հաց: Դրանից հետո Ալիկ Գուրջիևը, ըստ մեղադրական եզրակացության, փորձել է մտնել Վաչագան Սարգսյանի տնակ, սակայն վերջինս նրան արգելել է մտնել ներս, քանի որ նրա ոտքերը դաշտամիջյան ճանապարհով քայլելու հետևանքով եղել են ցեխոտ վիճակում: Նշված խոսակցությունից հետո Վաչագան Սարգսյանը քաղցրավենիք է առաջարկել Ալիկ Գուրջիևին, իսկ որոշել է սպանել Վաչագան Սարգսյանին:

 

 

Համաձայն մեղադրական եզրակացության, Ա. Գուրջիևը սպանության նպատակով Վ. Սարգսյանի ցանկապատից վերցրել է մետաղյա խողովակ, այն թաքցրել իր հագուստի տակ: Երբ միասին քայլել են տնակին հարակից դաշտով, Գուրջիևն իր մոտ գտնվող մետաղյա խողովակով Վ. Սարգսյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է նրա գլխին ու սպանել վերջինիս: Դրանից հետո Ալիկ Գուրջիևը ձեռքում գտնվող մետաղյա խողովակը նետել է դաշտին հարակից ջրատարի մեջ ու գնացել տուն: Վերը նշված արարքի համար Ալիկ Գուրջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանությունը») 1-ին մասի հատկանիշով:

 

 

Ըստ քր. գործի նյութերի, Ա. Գուրջիևը Վ. Սարգսյանին սպանելու որոշումը կայացրել է հոգեկան հիվանդության պայմաններում: Իսկ ե՞րբ է Գուրջիևը հոգեկան հիվանդ դարձել' հիշյալ աղանդի հետևորդը լինելու ընթացքում կամ դրա հետևանքո՞վ, թե մինչ այդ: Այս մասին դեռ չի հրապարակվում:Համենայն դեպս, հայտնի փաստ է, որ տարբեր աղանդավորական կազմակերպությունների անդամներ, հետևորդներ հոգեկան հիվանդներ են դարձել, հոգեկան այս կամ այն շեղումը ստացել հենց այդ աղանդավորական կազմակերպության անդամը կամ հետևորդը լինելու հետևանքով: Բոլոր դեպքերում, եթե Ա. Գուրջիևը հոգեկան հիվանդությունը ձեռք է բերել նույնիսկ մինչ «Հոգեգալստականներ» աղանդի հետևորդը լինելը, ապա հարց է առաջանում, թե հոգեկան հիվանդության այդպիսի վտանգավոր տեսակով տառապողը կամ այդպիսի վտանգավոր աստիճանի հասածն ինչպե՞ս է «Հոգեգալստականներ» աղանդի հետևորդների շարքում հայտնվել:

 

 

 

 

Արթուր Հովհաննիսյան