Երևանում կայացած նախորդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ էր խոսել Դմիտրի Մեդվեդևի հետ՝ կարելի է ասել, վերջինիս «պորտը տեղը դնելով», ինչին էլ հետևել էր Մեդվեդևի պատասխանը Բաքվում՝ Ադրբեջանին «սիրո խոստովանության» և ռուս-ադրբեջանական «դարավոր» բարեկամության մասին «գյուտի» տեսքով: Եվ ահա երեկ տեղի ունեցավ հաջորդ հանդիպումը, և այս ընթացքում Մեդվեդևը կարծես թե առանձնապես հայամետ չէր դարձել, բայց ավելի մտագոհ էր և ասում էր, թե Ռուսաստանն օգնելու է լուծել այս հակամարտությունը: Փաստորեն, օգնելու է հակամարտության լուծմանը, այլ ոչ թե հայերին, այսինքն՝ դաշնակցային պարտավորությունների մասին ոչ մի խոսք, կարծես թե դրանք չկան ու չեն էլ եղել: Բայց այստեղ կարևորն այն է, որ Մեդվեդևի այս հայտարարությունը հետևեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին, որում նախագահը նորից ընդգծել էր, որ ապրիլյան իրադարձություններն Ադրբեջանի կողմից 1994-95թթ. հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքն էին: Մեդվեդևը փաստացի սա լսեց և չառարկեց՝ փորձելով ավելի մեղմ պատասխանով շտկել իրավիճակը՝ պահպանելով, սակայն, նույն չարաբաստիկ հավասարության նշանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

 

Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն ամեն դեպքում այդ նշանը չի ուզում խախտել, որովհետև որևէ կողմի հետ հարաբերություն փչացնելը չի բխում իր շահերից: Բայց միաժամանակ Ռուսաստանը տեսնում է նաև Հայաստանի ակնհայտ դժգոհությունը և պատրաստվում է ավելի ակտիվ դեր ստանձնել արցախյան հարցի լուծման մեջ: Ռուսաստանը շատ լավ զգաց նաև Հայաստանի դժգոհությունը ԵՏՄ վարչապետներիի հանդիպումը նախորդ անգամ Երևանում չկայանալու առիթով, ինչը, կարելի է ասել՝ թուրքամետ ու ադրբեջանամետ Ղազախստանի պատճառով էր, բայց կարճ ժամանակ անց Ռուսաստանը փորձեց շտկել իրավիճակը և հանդիպումն այնուամենայնիվ կայացավ, ու Ղազախստանի վարչապետն էլ ստիպված եկավ Երևան:

 

Հիմա էլ Մեդվեդևը Սարգսյանին ասում է, թե ՀՀ նախագահը կարող է չկասկածել, որ Ռուսաստանը միշտ օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իհարկե, դժվար էլ որևէ մեկը այս հարցում կասկածի, քանի որ պարզ է, որ Ռուսաստանը կօգնի, որ այս հարցը լուծվի և տարածաշրջանում խաղաղություն լինի, քանի որ Ռուսաստանը սա իր տարածաշրջանն է համարում և այստեղ խաղաղությունն էլ իր շահերից է բխում: Անշուշտ կօգնի, բայց ոչ մեզ, այլ ինքն իրեն: Ասեմ ավելին՝ կօգնի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ԱՄՆ-ն, ում ներկայացուցիչներն արդեն հայտնել են տարածաշրջանում ակտիվանալու իրենց ցանկության մասին, և ԱՄՆ-ն էլ Ռուսաստանի նման կօգնի ոչ թե մեզ, այլ ինքն իրեն: Հետևաբար, անիմաստ է թե՛ Ռուսաստանից, և թե՛ ԱՄՆ-ից մեր օգտին որևէ քայլ ակնկալելը:

 

Կարեն Վարդանյան