Իրավապահ մարմինները զբաղվում են Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փաստաբան Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքելով' նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Փաստաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում, վաճառվում են պահածոներ, որոնք նախատեսված են եղել ՀՀ ԶՈւ զինվորների համար:
«Այդ ապրանքների պիտակների վրա հայերեն նշվում է «Զինվորի բաժին» և «վաճառքի ենթակա չէ», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է»,- գրել է Գալիկյանը և որպես ապացույց հրապարակել Լեհաստանում ապրող ընկերոջից ստացված լուսանկարները:
Փաստաբանը նշել է, որ զինվորական համազգեստի հետ միասին այդ օրապահիկն արժե 500 զլոտի, այսինքն' 160 դոլար:
«Հարգելիներս, այս հարցով արդեն իրավապահ մարմինները զբաղվում են: Մենք դիմել ենք բոլոր համապատասխան ատյաններին», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը: