Այն, որ մայրաքաղաք Երևանում հասարակական տրանսպորտը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, կփաստի ցանկացած մեկն, ով գոնե մեկ անգամ օգտվել է դրանից։ Սակայն, այն, որ վարորդները ոչ սթափ վիճակով են նստում ղեկին, դա արդեն անօրինականություն է։
Խաղալ տասնյակ մարդկանց կյանքի հետ, անթույլատրելի է։ Այսօր առավոտյան,ԼՈՒՐԵՐ.com-ի տեսախցիկը ֆիքսեց, որ թիվ 64 երթուղին սպասարկող երթուղայինի վարորդը, մեղմ ասած, ոչ սթափ վիճակում էր նստել ղեկին։ Մեքենան վարում էր անկառավարելի ձևով։ Առնվազն անհասկանալի է, թե ովքեր են նրան թույլ տվել այդ վիճակով նստել հասարակական տրանսպորտը սպասարկող մեքենայի ղեկին և խաղալ տասնյակ մարդկանց ճակատագրերի հետ։
Հավելենք, որ թիվ 64 համարի երթուղին սպասարկող «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի հիմնադիրը, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի՝ Արման Սահակյանն է։ Այսինքն՝ 64 համարի գիծը պատկանում է Սահակյանների ընտանիքին։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։