Սահմաններում թե թիկունքում, պատերազմի ժամանակ թե աշխատանքում և երթևեկելիս, մենք մարդկային կյանքեր ենք կորցնում նաև անզգուշության, անտարբերության, անփութության, օրենսդրությամբ սահմանված պահանջներն արհամարհելու հետևանքով:
Թե ինչ արժե մարդկային կյանքը հատկապես մեզ' ցեղասպանության, պատերազմների, երկրաշարժի հարվածները ստացած հայերիս համար, թերևս ավելորդ է բացատրել: Հետևաբար զգուշությունը, ուշադրությունը ինչպես սեփական, այնպես էլ դիմացինի արարքների հանդեպ, պետք է լինի մեր կենսակերպի անբաժանելի մասը, ավտոմատացված մի բան, որը մեր վարքում պետք է դրսևորենք նաև առանց մտածելու, ինչպես քայլելիս չենք մտածում, թե որ ոտքը որից առաջ դնենք: Խոսքով սրան դեմ մարդիկ չեն հանդիպում, իսկ կյանքում կամ գործով, ցավոք, քիչ չեն նրանք, որոնք անտեսում են վտանգը, մոռանում իրենց անելիքը և զգուշության անհրաժեշտությունը: Տվյալ դեպքում սա վերաբերվում է թե՛ զոհվածին, թե՛, ըստ մեղադրական եզրակացության, նրա մահվան պատճառ հանդիսացած անձին:

 


Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգոր Գրիգորյանն աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի Բաղրամյան ԵԿԽ-ում որպես վարպետ և հանդիսանալով աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, 2015թ. նոյեմբերի 28-ին իր կողմից բացված թիվ 11 կարգագիր-թույլտվության հիման վրա, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի «Բաղրամյան» էլցանցի վարչական շենքի հարևանությամբ տեղակայված 10կվ փակ բաշխիչ սարքավորումում գտնվող այրված լարման տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքներն իրականացնելիս, խախտել է ՀՀ կառավարության 23.11.2006թ. թիվ 1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Գ. Գրիգորյանը չի ստուգել աշխատատեղում իրականացված անվտանգության միջոցառումների (անջատումներ, հողանցումներ և այլն) համապատասխանությունը կարգագրին (կարգադրությանը) և խստիվ չի պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, բրիգադի անդամների նկատմամբ անընդհատ հսկողություն չի իրականացրել ամբողջ աշխատանքային գործընթացի ժամանակ' նրանց կողմից աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման համար:

 

 

Վերը նշվածի արդյունքում, համաձայն քր. գործի նյութերի, Գ. Գրիգորյանի ենթակայության ներքո հիշյալ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնող ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի Բաղրամյան ԵԿԽ-ի էլփականագործ Վիլիկ Տոնոյանը ԲՍ-ի 2-րդ դռնով մուտք է գործել ԲՍ-ի սպասարկման միջանցք, ինչը հանդիսանում է կարգագրով սահմանված աշխատանքային տեղերի և ծավալների ինքնակամ ընդլայնում: Հենց այստեղ էլ Վ. Տոնոյանը ֆազային' 5.7 կվ լարման տակ գտնվող հոսանքատար մասին թույլատրելի 60 սանտիմետրից ավելի մոտենալով, էլեկտրահարվել և մահացել է:

 

 

Վերը նշված արարքի (անգործության) համար Գրիգոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի («Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը») 2-րդ մասի հատկանիշով: