Անկախ նրանից' ոստիկանը ոչ ռազմական ոլորտի ոստիկան է, թե ռազմական, նա իրավակարգի պահապանն է և պետք է հետևի ոստիկանության կանոնագրքի և օրենքի պահանջներին, տիրապետի իր զգացմունքներին, լինի զուսպ և գործի բացառապես օրենքի շրջանակում, առավել ևս' թույլ չտա քրեական որևէ արարք:

 

 

Դատելով մեղադրական եզրակացությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, կոչումով մայոր Արթուր Մարյանյանն այս պահանջներից լրջորեն շեղվել է, իսկ հետևանքը եղել է քրեական գործի հարուցումը:

 

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մարյանյանը 2015թ. հունիսի 3-ին, ժամը 11:00-ի սահմաններում Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի շենքում զինվորական ծառայության պարտականությունների հետ չկապված' իր անձի վերաբերյալ բաժնում տարածված խոսակցությունների համար ծեծել և բռնություն է գործադրել զինվորական կոչման բերումով իրեն ստորադաս (ենթակա) հանդիսացող, նույն բաժնի գաղտնի և ոչ գաղտնի մասի պետ, կոչումով ենթասպա Նվարդ Ստեփանյանի նկատմամբ: Համաձայն քր. գործի նյութերի, Ա. Մարյանյանը ձեռքով հարվածներ է հասցրել Ն. Ստեփանյանի դեմքին և քաշել է նրա մազերից' պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ուժեղ ցավ:

 

Վերը նշված արարքի համար Արթուր Մարյանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի («Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը») 1-ին մասի հատկանիշով: